«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում:
Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք:
Օրինակ՝ PerfectTV-ն կամ այլ ձեւաչափով յութուբյան ալիքները, որոնց հասցեատերը, սեփականատերերը հայտնի չեն, չեն կարող հայտնվել սահմանափակումների առաջ, քանի որ նրանց չեն գտնելու, իսկ այն բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնք ունեն խմբագրություն եւ պատասխանատու, կվերահսկվեն, կտուգանվեն։ Անհասկանալի է նաեւ ատելության խոսքի դրսեւորման գնահատականը, կամ թե ինչպես է կարգավորվելու հանրահավաքների ընթացքում ուղիղ եթերում պատահաբար ատելության խոսք ենթադրող բովանդակության տարածումը: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ ինստիտուտը, որը մի քանի տասնյակ էջանոց վերլուծություն էր իրականացրել, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հաշվի չէր առել շրջանառության մեջ արդեն իսկ առկա «հակախտրականության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ենթադրում է 12 օրենքներում փոփոխություն, եւ որտեղ արդեն իսկ առկա է ատելության խոսքի դեմ պայքարի մասին կետ։
Ինստիտուտի ներկայացուցիչները, ավաղ, տեղյակ չէին շրջանառության մեջ առկա օրենքների փաթեթից եւ փորձեցին իրենց արդարացնել, որ դա կուսումնասիրվի նախագծի կազմման փուլում։ Թեեւ նշվում էր, որ հաշվի է առնվել միջազգային փորձը, սակայն տեղական ԶԼՄ-ները ներգրավված չեն այս գործընթացում. տոտալ անտարբերություն է: Իսկ եթե ամփոփենք, ապա այս նախագիծը կլինի գործիք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեռքին, որն այժմ հսկողության տակ է պահում ՀՀ մուլտիպլեքսի հեռուստաալիքները:
Այս օրինագծի ընդունումից հետո նույնպիսի ընտրողաբար մոտեցմամբ ՀՌՀ-ն տույժեր կկիրառի իշխանությանը քննադատող հրապարակումների համար: Համակարգվելու եւ մշտադիտարկման են ենթարկվելու նաեւ առցանց մեդիան, յութուբյան ալիքները։
Հիշեցնենք նորից, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի իրական շահառուն, համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Նա 2023 թվականին նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։
Հարկ է նշել, որ կառույցներից ոչ մեկը որեւէ կապ չունի լրագրության եւ լրատվության հետ»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: