Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

11 Հոկտեմբեր, 2024 16:37
Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին:

Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն:

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին