Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ

25 Սեպտեմբեր, 2024 17:25
ՄԻՊ-ին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ:

Մասնավորապես, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց իրավուքների խախտումների վերաբերյալ: 

Առավել մտահոգիչ է այն, որ որոշ դեպքերում ներկայացված բողոքներում բարձրացվում է այն հարցը, որ այդ աշխատանքների հետևանքով խաթարվում է նաև հարևանությամբ գտնվող դպրոցներում դասապրոցեսների բնականոն ընթացքը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կրթության իրավունքի պատշաճ իրացումը երեխայի` Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքն է, որի իրացման ապահովման առաջնային և կարևորագույն օղակներից են հանրակրթական ուսումնական հաստատությունները:

Պաշտպանն ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննարկվող ամբողջ ոլորտում պետության կողմից կա´մ մշակված չեն գործիքակազմեր, կա´մ դրանք չեն կիրառվում անհրաժեշտ և բավարար մեթոդաբանությամբ` արդյունքում հանգեցնելով քաղաքացիների տարատեսակ իրավունքների խախտումների:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին