Կարևոր իրադարձություններ

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2024 15:37
Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար հանդես են եկել զեկույցներով: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի համաժողովին, որը կազմակերպվել է Հ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։  Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տեղակալներ և ուսուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը: «Մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Հանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկներն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների լավարկման համար»,- նշել է  նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև համաժողովին դպրոցի տնօրենների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից հաճախ են բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներ, որոնք ձևավորվում են ուսուցչական և ծնողական համայնքից  ստացված քննարկումների և շփումների արդյունքում: «Հետևաբար, կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները զեկույցներում հիմնականում ներկայացրել են իրենց դրական փորձառությունը՝ դասավանդման նոր մոտեցումներով և ծրագրերով:

Համաժողովի ուղղություններն են 

Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:

Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։

Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։

Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։ 

Գնահատման տարբեր ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում: 

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձն ու դրա տարածումը՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա ուսուցչի օրը՝  հոկտեմբերի 5-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին