Կարևոր իրադարձություններ

Ջրային պարեկային ծառայությունն ու ՓԾ-ն հորդորում են պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները

04 Հուլիս, 2024 19:53
Ջրային պարեկային ծառայությունն ու ՓԾ-ն հորդորում են պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները

Հուլիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի և Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսները պատասխանել են Սևանում լողափնյա սեզոնի բացման, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայության, լողամիջոցների շահագործման հետ կապված հարցերին։

Ամառային սեզոնով պայմանավորված՝ գործելու են 6 հանրային լողափ, բուժկետեր, իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն։
Հայկ Վարդանյանը ներկայացրել է Ջրային պարեկային ծառայության գործառույթները, լողամիջոցների շահագործման կանոնները, նախատեսված տուգանքի չափերը:

• ապահովել հասարակական կարգը և անվտանգությունը, վերահսկել լողամիջոցների շահագործման կանոնները, համագործակցել շահագրգիռ այլ ծառայությունների հետ,
• Լողամիջոցների վարման կանոնները և վկայական ստանալու կարգը նախատեսված են օրենքով և իրավական ակտերով։
• Լողամիջոցների շահագործման գրանցման պատասխանատու լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
• Եթե լողամիջոցը չունի կողային համար, ապա իրավապահները հիմք ունեն ենթադրելու, որ այն հաշվառված չէ։
• Նավավարի իրավունքի վկայականը տրվում է ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից. նավավարը պետք է անցնի ուսուցում, ատեստավորում, ինչից հետո կտրվի վկայական։

• Հայկ Վարդանյանն ընդգծել է, որ լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու պատասխանատվությունը շահագործող անձինն է։

Ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը ներկայացրել է, որ հուլիսի 1-ից իրականացվում է ուժեղացված ծառայություն և, բացի կենտրոնական կայանից, հանրային երեք լողափում ևս տեղադրվել են մոտորանավակներ, ջրափրկարարական գույք և սարքավորումներ։
Նա նաև ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ. 2023 թ. լողասեզոնի ընթացքում ջրահեղձվել է 6 քաղաքացի. այս տարի Սևանա լճում գրանցվել է ջրահեղձության մեկ դեպք, նաև ՃՏՊ հետևանքով Հրազդան գետն ընկած մեքենայում գտնվող 3 քաղաքացի են ջրահեղձ եղել։
• Այս տարի հանրային լողափերում լողանշանները միացված են սահմանազատող նշանով, ինչի շնորհիվ լողամիջոցները չեն կարող չնախատեսված վայրից մոտենալ ափին և ստեղծել արտակարգ իրավիճակ։

• Ջրացիկլ, փչովի նավակ, հեծանվային նավակ լողամիջոցները հաշվառման ենթակա չեն, դրանք շահագործելու համար չի պահանջվում նավավարի վկայական, սակայն շահագործման անվտանգության փաստաթղթեր ունենալը վերաբերելու է բոլորին։
• Սևանա լճի ափամերձ հատվածում Սևանի հրշեջ փրկարարական ջոկատը բարձրախոսների միջոցով, իսկ Ճգնաժամային կառավարման ակադեմիան անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացնելու են իրազեկման միջոցառումներ։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև լողամիջոցների շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
• նավավարի վարելու իրավունքի վկայական,
• լողամիջոցը արտադրական վտանգավոր օբյեկտի ազգային ռեեստրում գրանցելու մասին վկայական,
• լողամիջոցի տեխնիկական անձնագիր,
• լողամիջոցի տեխնիկական վիճակի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն։

Ասուլիսի ավարտին ՆԳՆ ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորել են Վարդավառի տոնի հետ կապված պահպանել հասարակական կարգն ու հետևել ափամերձ տարածքներում Փրկարար ծառայության և Ջրային պարեկների ցուցումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին