Կարևոր իրադարձություններ

Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել. ուժ տվողը նաև Արթուրն է. «Փաստ»

04 Հուլիս, 2024 09:45
Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել. ուժ տվողը նաև Արթուրն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Մանկության տարիներին շատ խելոք, համեստ երեխա էր, բայց նաև ժիր էր, ճարպիկ: Երբ փոքր տարիքում հիվանդ էր լինում, որևէ մեկին նեղություն չէր տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Արթուրի մայրիկը:

Նշում է՝ որդին չէր փայլում սովորելու տեսանկյունից: «Բայց շատ ընկերասեր էր, աշխատասեր, ուղղակի չէր սովորում: Իրեն աշխարհագրությունն էր հետաքրքրում, քարտեզներ էր ուսումնասիրում: Հիմա փոքր տղաս նույն հետաքրքրությունն ունի, նա շատ նման է Արթուրիս՝ տեսքով, դեմքով, ամեն ինչով: Բայց նա լավ է սովորում, ռոբոտներով է հետաքրքրված: Գյուղատնտեսությունն էր նաև Արթուրին գրավում: Սպորտով էր զբաղվում, լողի, ֆուտբոլի ու ըմբշամարտի հաճախում»: Մինչև ծառայության մեկնելը Արթուրը քոլեջոււմ խոհարարություն է ուսումնասիրել:

«Երբ պրակտիկայի էր գնում, իրեն առաջարկել էին, որ ծառայությունից հետո կարող է իրենց մոտ աշխատանքի անցնել: Շատ նպատակներ ուներ, արդեն բանակում ծառայելու ժամանակ մտքեր ուներ, որ վերադառնալուց հետո ֆերմա ստեղծեր, կենդանիներ պահեր: Երբ սկսեցինք սեփական տանն ապրել, դրսում կենդանիների համար բներ էր պատրաստում և պահում: Երբ իրեն գումար էինք տալիս իր ծախսերի համար, հավաքում էր, ճուտիկներ, ճագարի ձագեր գնում: Ծառայելու ժամանակ արդեն հայրիկի հետ խոսելիս պատմում էր իր պլանների մասին, թե՝ գամ, սա կանենք, այն կանենք: Նպատակները շատ էին, հիմա մենք ենք փորձում դրանք կյանքի կոչել, որ իր հոգին մի քիչ հանգիստ լինի»: Արթուրը ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 25-ին: Ծառայել է Գորիսի «Զանգերում», որոշ ժամանակ՝ Խնձորեսկում:

«Շատ ուրախ, լավ տրամադրությամբ մեկնեց ծառայության: Ու ոչ միայն ինքը, այլ բոլոր տղաները, որոնք ծառայության էին մեկնում պատերազմից հետո, ժպիտները դեմքներին ենք իրենց ճանապարհել: Երբ հուզվում էինք, մեզ սաստում էին՝ լաց մի եղեք: Տրամադրված էր ծառայությանը: Անգամ ծառայության վայրից զանգահարել է՝ պա՛պ, առաջարկում են պայմանագրային ծառայության անցնել, ի՞նչ կասես: Հայրիկն ասում էր՝ ոչ, հանգիստ ծառայի ու զորացրվի»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր, որը երկու հարյուրից ավելի կյանք խլեց: Զոհերի հստակ թիվն այդպես էլ չհրապարակվեց, իսկ ռազմական գործողությունները բախում ու ագրեսիա կոչվեցին և ոչ պատերազմ: Այդ օրերի մասին խոսելիս ծնողները հաճախ են բարձրաձայնում՝ շատերը կան, չգիտեն էլ, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Այդ ժամանակ Արթուրս իջել էր դիրքերից, սահմանված ժամկետից էլ շատ էին մնացել դիրքերում: Իրենց պետք է արձակուրդ տային, բայց չտվեցին: Մի տեսակ նեղսրտել էր, որ արձակուրդ չի գալու, այդ ժամանակ իրեն որոշ իրեր էինք ուղարկել: Կռվից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան, զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, մեզ տագնապով հանում են վերև, ասում են՝ կռիվ է լինելու, մամային ու Լուսինեին բան չասես: Լուսինեն աղջիկս է: Դա իր ու հայրիկի վերջին զրույցն է եղել, անգամ մեզ հետ չի խոսել: Ասաց նաև, որ հեռախոսները հավաքելու են, կապ հաստատել գուցե չկարողանա: Արդեն անհանգիստ էինք»: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Արթուրի ընտանիքը լսում է պատերազմի բոթը: Արթուրը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում: 29 հոգի՝ մեկ հրամանատար և զինծառայողներ, բոլորը զոհվել են: Դատաբժշկական փաստաթղթերի համաձայն, Արթուրը հրազենային վիրավորումներ է ստացել:

«Հրազենային վիրավորումները մի քանի տեղից են եղել՝ ոտքից, սրտից: Մինչև լույս տղաները պայքարել են իրենց դիրքը պահելու համար: Տասն օր իրեն էինք փնտրում, 95 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» Կարմիր խաչի միջոցով, Արթուրն էր: Մեզ համար մի բան է հանելուկ մնացել: Արթուրս երրորդ վաշտում էր, որը դիրքերից իջել էր, ինչպե՞ս էր Արթուրս առաջին վաշտում հայտնվել: Ինքը և էլի մի քանի տղա հայտնվել էին առաջին վաշտում և բարձրացել դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է անտարբերությունից: «Երբ պատերազմից հետո գնացել էին Արթուրիս մասին տեղեկություն իմանալու, փեսաս հարցրել էր՝ մեր զինվորն ո՞ւր է: Պատասխանը եղել էր՝ չգիտենք: Առհասարակ, ծնողներն այնքան հարցեր ունեն, թե իրենց տղան որ դիրքում է կռվել, ինչպես է զոհվել, ինչու: Տղաները սպասել են օգնության, որն այդպես էլ նրանց չի հասել:

Վեց ժամ կարողացել են պահել դիրքը: Գուցե ինչ-որ մեկը թեթև վիրավորում է ունեցել, գուցե հնարավոր էր մի քանիսի կյանքը փրկել, բայց տղաների մոտ չեն բարձրացել: Արթուրս հրամանատարի կողքին է զոհվել: Ուզում ենք, որ արդարություն հաստատվի, մեր հարցերն էլ պատասխաններ ստանան, իհարկե, դա մեր երեխաներին հետ չի բերելու: Բայց գիտեմ, որ պետությունը ոչինչ չի անելու, ոչ մի մեղավոր չի պատժվելու: 44-օրյա պատերազմի 4-րդ տարին կլրանա շուտով, ո՞վ պատժվեց: Անընդհատ վերքիդ վրա աղ է լցվելու, երբ հասկանաս, որ մեղավորները չեն պատժվում, երբ քո բողոքը տեղ չի հասնում: Իրենց զորամասից անգամ որևէ մեկը մեր տուն չի եկել: «Մարտական ծառայության» մեդալով է պարգևատրվել, ասում էին, որ այլ մեդալ էլ պետք է տան, դեռ սպասում ենք: Ասում էր՝ մա՛մ, այստեղ եմ, դուք չվախենաք:

Իսկ հիմա իմ աչքն անընդհատ իր ճանապարհին է, սպասում եմ, որ պիտի գա: Բոլոր ծնողներն անվերջանալի սպասման մեջ են: Ես գոնե տեսել եմ իմ տղայի դեմքը, ծնողներ կան, որ այդ հնարավորությունից էլ են զրկված եղել»: Ապրելու ուժի մասին: «Այնքան ուժեղ եմ, որ կարողանում եմ դեռ ապրել: Մի կողմից՝ ինքն է ինձ ուժ տալիս, ասում էր՝ չեմ ուզում տատիկ-պապիկ դառնաք, ուզում եմ միշտ ջահել մնաք: Բայց իրենից հետո 10-20 տարով ծերացանք: Ծառայում էր, աղջիկս այդ ժամանակ բալիկի էր սպասում, ուզում էր բոլորին անակնկալ անել, երեխայի սեռը չէր ասում, միայն Արթուրին էր ասել: «Մա՛մ, որ արձակուրդ գամ, երեխեն արդեն ծնված կլինի, պետք է իր համար շոկոլադ գնեմ»:

Իր զոհվելուց երկու ամիս հետո մեր տղա թոռնիկը ծնվեց, նրան Արթուրիս անունով անվանակոչեցին: Մյուս կողմից էլ՝ նա է ուժ տալիս, ապրեցնում: Եվ, իհարկե, նաև մեր փոքր տղան: Երեխաներս իրար շատ են սիրում: Աղջիկս ամուսնացել էր, երկու եղբայրով մի տեսակ ավելի կապվեցին իրար հետ, ավելի նմանվեցին: Արթուրն էր եղբորը մանկապարտեզից բերում, միասին ժամանակ էին անցկացնում, փոքր տղաս էլ այլ կերպ է տանում եղբոր կորստի ցավը»:

Հ. Գ. - Արթուր Թորոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին