«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ամիսներ առաջ թարգմանիչ, բանաստեղծ, կինոդերասան Գագիկ Շիրմազանը բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել Ստեփանավանի թատերական կյանքի ժամանակագրությանը՝ սկսելով այն 1883 թ.-ից և ավարտելով 1988 թ.-ով, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվում է նաև Ստեփանավանի մշակույթի պալատի շենքը, որտեղ ներկայացումներով հանդես էր գալիս թատրոնը:
Նա մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ թատերական ներկայացումներ են բեմադրվել, որ դերասաններն ու դերասանուհիներն են հյուրընկալվել քաղաքի թատրոնում: Ներկայում պետության և Ստեփանավան համայնքի ներդրումների շնորհիվ հիմնովին վերանորոգվում է մշակույթի պալատը: Պարոն Շիրմազանն էլ իր հոդվածը հետևյալ կերպ էր ավարտել. «...մշակույթի պալատը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները՝ միմյանց հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»»:
Հենց սա էլ առիթ դարձավ նրա հետ մեր զրույցի: Ստեփանավանում թատրոնի առկայության անհրաժեշտության մասին խոսելիս զուգահեռներ ենք տանում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի հետ: Շիրմազանն ասում է՝ այսօրվա պայմաններում սխալ կլինի մտածել, որ պետական թատրոնը կարող է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը, բավարարել նրա մշակութային պահանջներն ու հետաքրքրությունները:
«Երբ տարբեր առիթներով հրավիրվել եմ Վանաձորի թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացումների, տեսել եմ, որ թատրոն է այցելում Վանաձորի հասարակությունը: Այո, նույն թատրոնը կարող է հյուրախաղերի գալ Ստեփանավան, բայց հյուրախաղերը հաճախակի չեն կարող լինել, տարաբնույթ խնդիրներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասել է նա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։