Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը

23 Հոկտեմբեր, 2024 09:35
Հայաստանում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը

Հայաստանում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 9:00-ից Holiday Inn Yerevan-ում։

Կոնֆերանսը կիրականացվի Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ FORACCA-ի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:

Ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

«Մենք հավատում ենք, որ այս միջոցառումը կխթանի համագործակցությունը կարևոր դերակատարների միջև, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներառական և բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանում ագրոանտառաբուծական համակարգերի ներդրման համար», - նշում է ՀԱԱՀ ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գևորգյանը։

«Ագրոանտառային տնտեսությունը ներուժ ունի բարձրացնելու հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը, ավելացնելու արտադրողականությունը միաժամանակ նպաստելով լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանությանը, նվազեցնելու մշակաբույսերի վարակներն ու հիվանդությունները և բարելավելու սննդամթերքի որակը, խթանելու ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։ Մեր նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում ներդնել տարբեր ագրոանտառաբուծական համակարգեր որոնք կարող են նախադեպ հանդիսանալ տեղական և միջազգային գործընկեր կառույցների համար կլիմայի փոփոխության համատեքստում հիմնախնդիրները հասցեագրելու գործում», - նշում է Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը։

Նախատեսվում է, որ կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ «Ագրոանտառաբուծության կարևորությունը և ակնկալվող արդյունքները», «Ագրոանտառաբուծության ներածություն և ներկա վիճակը Եվրոպայում»։ Կներկայացվեն «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի և ագրոանտառաբուծության բաղադրիչի նախնական արդյունքները, ինչպես նաև «Ագրոանտառաբուծական պրակտիկաները Հայաստանում»։

Նախատեսվում է նաև երեք պանելային քննարկում՝ «Խթանել սոցիալական ներառականությունը․ Համայնքների կարիքները և օգուտները», «Աջակցել ագրոէկոլոգիական վերափոխմանը տնտեսական կայուն զարգացման համար», «Նպաստել հնարավորությունների միջավայրի ձևավորմանը․ Իրավական մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրերով։

Կոնֆերանսի ավարտին կազդարարվի Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։

 

Լրահոս

Դիտել ավելին