Կարևոր իրադարձություններ

Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»

19 Հոկտեմբեր, 2024 08:02
Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Նշվում է, որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների և հավաքածուների պահպանությունը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը պետական մշակութային քաղաքականության առանցքն է: Այդ առումով մեծ տեղ է հատկացվում թանգարաններին, քանի որ վերջիններս մեծապես ներգրավված են երկրի մշակութային ինքնությունը կերտող արժեքների պահպանման և հանրահռչակման գործում:

Թանգարանները ոչ միայն մշակութային արժեքներ ու հավաքածուներ հավաքող, ուսումնասիրող, հանրայնացնող, պահպանող կառույցներ են, այլև լուրջ ներդրում ունեն զբոսաշրջության, մշակութային և սոցիալական հաղորդակցության գործում: Հետևաբար, թանգարաններն իրավացիորեն կարող են համարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աղբյուր: Շնորհիվ հասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ: Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և, ըստ էության, շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան:

Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը, և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք: Ուստի, ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է: «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունման նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացության չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը: Որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին