Կարևոր իրադարձություններ

Ո՞ր երկրներում են առավել հաճախ համբուրվում

19 Հոկտեմբեր, 2015 20:11
Ո՞ր երկրներում են առավել հաճախ համբուրվում

Լաս Վեգասում Նևադայի համալսարանի գիտնականները հարցաքննել են 168 մշակույթների ներկայացուցիչների և պարզել՝ ընդունվա՞ծ է արդյոք նրանց մոտ նուրբ զգացմունքները համբույրների շնորհիվ արտահայտել։ Գիտնականների նպատակն է եղել պարզել, թե մարդիկ համբույրը համարո՞ւմ են ռոմանտիզմի դրսևորում, թե ոչ, և դրա շնորհիվ էլ հայտնաբերել մշակույթների տարբերությունները, փոխանցում է rosbalt.ru-ն։

Ստացված տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց գրեթե կեսը, ովքեր ունեն հարաբերություններ, չեն համբուրվում, չեն ցուցաբերում միմյանց հանդեպ քնքշանք և նուրբ ռոմանտիկ զգացմունքներ։ Հարցվածների միայն 46%-ն է համբուրվում և արտահայտում զգացմունքները ռոմանտիկ իրավիճակներում։

Հյուսիսային Ամերիկայի 33 մշակույթներից 15 ներկայացուցիչների մոտ համբույրները գրեթե վերացել են հարաբերություններից։ Քնքշության և սիրո այդ արտահայտումը մարում է նաև Եվրոպայում. այնտեղ համբուրվող զույգերը կազմում են մոտ 70%։

Համբույրների հարցում ռեկորդակիր են Միջին Արևելքի զույգերը։ Հետազոտության տվյալներով՝ այնտեղ համբուրվում են սիրահարների գրեթե 100%-ը։

Ասիացի զույգերը նույնպես առանձնապես վառ չեն արտահայտում իրենց սերը. 27 երկրներից միայն 10-ի ներկայացուցիչներն են կարծում, որ ռոմանտիկ համբույրներն օգնում են իրենց հարաբերություններին։

«Ոչ մի ազգագրագետ, ով աշխատում է, օրինակ, արևադարձային Աֆրիկայում, Նոր Գվինեայում կամ ուսումնասիրում է Ամազոնի ցեղերը, ոչ մի անգամ չի տեսել, որ մարդիկ համբուրեն միմյանց ինչ-որ ռոմանտիկ իրավիճակներում»,- վստահեցնում են հետազոտողները։

Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ համբույների մշակույթը, ընդհանուր առմամբ, զարգացած է ավելի բարդ հասարակություններում. մեգապոլիսի բնակիչներն ավելի հաճախ են համբուրում միմյանց և ավելի ազատ են արտահայտում քնքշություն, քան, օրինակ, Նոր Գվինեայի ցեղերի ներկայացուցիչները։

Սակայն հստակ նկատվում է ամբողջ աշխարհում համբուրվողների քանակի նվազման միտում։

 

Լրահոս

Դիտել ավելին