Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին չի միանա

07 Հոկտեմբեր, 2015 14:22
Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին  չի միանա

 Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունման, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության և Հիմնադիր խորհրդարանի հետագա քայլերի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի հետ:

-«Ոչ»-ի ճակատին միացած Հիմնադիր խորհրդարանն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի սահմանադրական բարեփոխումների նախագիծը չդրվի հանրաքվեի:

Հարկ է նկատի ունենալ, որ բարդության տեսակետից նոր Սահմանադրության հանրաքվեն տապալելը և Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբին հեռացնելը հավասարազոր խնդիրներ են: Դրանցից մեկի լուծումը ինքնաբերաբար հանգեցնելու է մյուսի լուծմանը:

Մյուս կողմից՝ այդ զույգ խնդիրների լուծումը կարևոր նախապայման է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու միջոցով ժողովրդի կամքն արտահայտող ու նրա վստահությունը վայելող պետական կառավարման մարմիններ ձևավորելու և դրանց արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր երկիրն այս աղետալի վիճակից հանելու և զարգացման ուղու վրա դնելու համար:

Հայտնի է նաև, որ մեր ժողովուրդը կարող է համախմբվել ոչ թե հանուն հանրաքվեն տապալելու, այլ հանուն վարչախմբին հեռացնելու: Իսկ վարչախմբին հնարավոր է հեռացնել ոչ թե ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու, այլ նրան կամք պարտադրելու միջոցով, ինչը պետք է իրականացվի քաղաքացիական անհնազանդության քայլերով:

Ուստի Հիմնադիր խորհրդարանը պայքարի այս մոտեցումները որդեգրած մյուս ուժերի հետ միասին ձևավորում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ, որը շուտով կսկսի աշխատել վարչախմբին հեռացնելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու նպատակով մեր ժողովրդին ոտքի հանելու ուղղությամբ:

Հիմնադիր խորհրդարանը հույս ունի, որ «Ոչ»-ի ճակատ ձևավորելու մտադրության մասին հայտարարությանը միացած մյուս ուժերը նույնպես կորդեգրեն այս մոտեցումները և կաշխատեն միավորված ուժերով: Ցավոք, առայժմ այդ հայտարարությունից զատ այլ շոշափելի քայլեր չեն կատարվել, մասնավորապես՝ ենթադրվող ճակատի ռազմավարությունն ու մարտավարությունը մշակելու, ինչպես նաև դրա կառավարման համակարգը ստեղծելու ուղղությամբ:

-Հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքն ըստ Ձեզ որևէ արդյունք կունենա՞, նման պայքարը դրական արդյունք կգրանցի՞:

Այո, եթե որպես պայքարի գլխավոր նպատակ որդեգրվի քաղաքացիական անհնազանդության մեթոդով վարչախմբին հեռացումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Իսկ եթե գործընթացը մնա հանրաքվեին մասնակցելու և «Ոչ» քվեարկելու տրամաբանության մեջ, ընդհակառակը՝ կնպաստի վարչախմբի մոգոնած այս գործընթացի լեգիտիմացմանը: Պատճառն այն է, որ բացառվում է գործող վարչախմբի առկայության պայմաններում քվեարկությամբ հաղթել նրան, քանի որ իրականում տեղի է ուեննալու ոչ թե քվեարկություն, այլ դրա իմիտացիա: Ինչպես եղել է բոլոր նախկին քվեարկություների ժամանակ:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է. «Հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը՝ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք»։ Սա նշանակում է, որ Քոչարյանը ևս համալրում է «Ոչ»-ի ճակատի շուրջ պայքարող ընդդիմադիրների շարքը: Հիմնադիր խորհրդարանը պատրա՞ստ է ընդունել Քոչարյանին:

Ոչ, նա ընդամենը կարծիք է հայտնել, սակայն պայքարի մեջ չի մտնելու: Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանին, ապա ի սկզբանե ասել ենք, որ մենք բացառում են Մարտի 1-ի արյան հետ կապ ունեցող ուժերի և գործիչների հետ համագործակցությունը: Իսկ Ռ. Քոչարյանը Մարտի 1-ի սպանդի հրամանատարն է:

-Որքանո՞վ է հավանական, որ սա Քոչարյանի և իշխանության հերթական խաղերից մեկն է:

Առհասարակ՝ մեդիա դաշտում փորձ է արվում գործընթացը տանել Քոչարյան- ՀՀԿ կեղծ հակամարտության դաշտ, սակայն նրանց միջև լուրջ հակասություններ չեն կարող լինել, որովհետև նրանք նույն բանդայի անդամներ են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին