Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը «Ակունքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո ծրագրում է կրկին այցելել Հայաստան և հանդիպել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ:
«Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին։ Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին, և չունևորների, ճնշվածների ձայնը փողոցներից ժողովրդավարական փոփոխության քամու միջոցով տեղափոխեցին իշխանության: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և հանդիպել պարոն Փաշինյանի հետ», - նշել է Փայլանը։
Փայլանը նաև անդրադարձել է ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերի ունեցած մի շարք խնդիրների, Թուրքիայի ներքաղաքական վիճակի ու Հայկական հարցի վերաբերյալ։
Հարցին, թե ինչ ծրագրեր է պատրաստվում նա իրականացնել Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած բազմաթիվ իսլամացված հայերի հետ կապված, Փայլանն ասել է․ «Երբ ես Անատոլիայի որևէ շրջան եմ գնում, հարյուր հազարավոր մարդկանց եմ հանդիպում, որոնք թևիցս քաշելով ասում են` «Մեծ մայրս հայ է, պապս հայ է, մեր գյուղը հայկական է, և մենք բոլորս իսլամացվել ենք»: Կարծում եմ` նրանց թիվը շատ մեծ է, և որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այնքան նման մարդիկ ավելի խիզախ կերպով, առանց քաշվելու կհայտարարեն իրենց ծագման մասին»: