Թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, ով ամիսներ առաջ կալանավորվել էր Ստամբուլում, բանտից նամակ է հղել «Ակօս»-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ:
Նամակը հրապարակվել է «Ակօս»-ի էջերում,որտեղ հեղինակը նշում է, որ Դինքը եղել է իր մտերիմ ընկերը ու նրա մահը մեծ հարված էր, սակայն, միևնույն ժամանակ, հանդիսացել է այն ուժի աղբյուրը, որով մինչև օրս իրենք դիմադրում են օրինազանցություններին:
«Սիրելի՛ Հրանտ,
Օնաթ Քութլարից հետո երկրորդ մտերիմ ընկերս ես, որը սպանվեց:
Այն գնդակը, որը զրկեց քեզ քաջությամբ ու սիրով ապրածդ կյանքից, մեզ էլ թողեց դեմ առ դեմ սարսափեցնող, մահացու մի վատության հետ:
Այս ցավը հաղթահարելու համար մենք ջանք գործադրեցինք մեր կյանքը քոնի հետ կապելու, քեզնից ինչ-որ բան վերցնելու համար:
Այն, ինչ վերցրինք քեզնից, մեր ցավը վերածեց մեր խղճի հիմնաքարերի:
Շնորհակալ ենք մեզ տրված դիմադրելու ուժի համար, Հրա՛նտ»:
Քավալան հիմնել է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
Ծնունդով Փարիզից թուրք գործիչը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: