Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի կողմից հանձնված ՀՀ քաղաքացու մեղադրանքը վերաորակվեց ու նշանակվեց տուգանք

14 Հոկտեմբեր, 2015 15:18
Գերմանիայի կողմից հանձնված ՀՀ քաղաքացու մեղադրանքը վերաորակվեց ու նշանակվեց տուգանք
Գերմանիայի կողմից Հայաստանին հանձնված Սահակ Նիկողոսյանն այսօր դատարանի դատավճռով մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝  խոշոր չափերով խարդախություն և դատապարտվեց տուգանքի 800 հազար ՀՀ դրամի չափով:  
 
Միաժամանակ դատարանը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը շուրջ մեկ տարի տասն ամիս գտնվել է կալանքի տակ, նշանակված պատիժը մեղմացրեց և տուգանք նշանակեց 200 հազար ՀՀ դրամի չափով: 
 
Դատարանն այսպիսով մեղադրանքը վերաորակեց.  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախության: 
 
Դատավճռով տուժող կողմի քաղհայցերը թողնվեցին   առանց քննության: Դատարանը նրանց պարզաբանեց  քաղաքացիաիրավական կարգով  դատարան դիմելու նրանց իրավունքը: 
 
Նշենք, որ ամբաստանյալը սկզբնապես մեղադրվում էր  13 դրվագով՝   առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: 
 
Պաշտպանական կողմը, սակայն,  դատարանին էր   ներկայացրել   ապացույց առ այն, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նյուրնբերգի վերին ատյանի դատարանը ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու որոշում է կայացրել միայն մեղադրանքի մեկ դրվագով:
 
Պաշտպանական կողմն այս ապացույցի հիման վրա  պնդում էր, որ մյուս 12 դրվագներով մեղադրանքն ապօրինի է,  և մեղադրող կողմը գերմանական դատարանի հիշյալ որոշումը հայաստանյան դատարան ներկայացնելուց  տասն ամիս անց որոշում կայացրեց մեղադրանքը փոփոխելու ու նոր մեղադրանք առաջադրելու մասին՝  մեղադրանքի ծավալում թողնելով առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքի միայն  մեկ դրվագը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին