ԱՄՆ
Ավանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ:
ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ: Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:
Իսլանդիա
Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»: Ի դեպ, նրանց նաև բաժին է հասել Ձմեռ Պապի դերը: Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է, նրանց մեջ են մտնում նաև 13՝ այսպես կոչված «ամանորյա պատանիները»՝ Յոուլասվեյնները (jolasveinn):
Ամենուր հայտնվում են հեքիաթային կերպարներ սկսած դեկտեմբերի 13-ից: Յուրաքանչյուրն ունի իր անունն ու բնավորությունը, սակայն բոլորին հատուկ է աշխույժ բնավորությունը: Իսլանդիայում աղջիկներն ու տղաները կարմիր գուլպա են կախում պատուհաններից արդեն դեկտեմբերի 13-ին, քանի որ «ամանորյա պատանիներից» յուրաքանչյուրը թաքուն նվերներ է բերում: Երեխաները հավատում են, որ Յոուլասվեյնները կարող են անսպասելի այցելել իրենց ցանկացած օր դեկտեմբերի 1-ից մինչև 24-ը: Եթե նրանք իրենց վատ պահեն, ապա իրենց գուլպայում կարող են գտնել ոչ թե նվեր, այլ՝ կարտոֆիլ:
Բրազիլիա
Ամանորը Բրազիլիայում «ամառային» տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է:
Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին: Ամանորի նախօրեին բրազիլական քաղաքները պատվում են սպիտակով: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ օրը պրակտիկորեն ձյուն չտեսած այս երկրում ձյուն է իջնում: Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Ամանորը նշելու բրազիլական մշակույթում հանդիպում են նաև հեթանոսական ավանդույթներ, օրինակ՝ ընդունված է ջրի մեջ ծաղիկներ և մոմեր իջեցնել և ցանկություն պահել:
Ֆինլանդիա
Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:
Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:
Հնդկաստան
Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին: