Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ն Ազգային Ժողովի ընտրություններում կունենա բավականին լուրջ խնդիրներ»

05 Հոկտեմբեր, 2016 16:31
«ՀՀԿ-ն Ազգային Ժողովի ընտրություններում կունենա բավականին լուրջ խնդիրներ»

 «Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները նախ և առաջ ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցությունը հանրության շրջանում չի կարող ստանալ կեսից ավելի ձայներ: Տեսանք, որ Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին քվեների կեսից ավելի չստացան, իսկ Գյումրիում Բալասանյան դաշինքը, որի սատարում էր իշխող կուսակցությունը, ևս չստացավ ձայների կեսից ավելին»,- Shabat.am-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Սաքունցը նկատում է. «Հատկանշական է, որ ՀՀԿ-ն  Վանաձորի քաղաքապետի պաշտոնում  չներկայացրեց իր հին կադրերից ինչ-որ մեկին, այլ փոխարենն առաջադրեց նոր մարդու,  որին ուղղակի մեխանիկորեն ընդգրկեցին կուսակցության շարքերը՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն վստահ չէ, որ իր առավել հայտնի կադրերի նկատմամբ հանրությունը դրական վերաբերմունք կունենա»:

Իրավապաշտպանը ընդգծում է. «Եթե ընդհանուր տոկոսային պատկերից հանենք այն ձայները, որոնք իշխող կուսակցությունն ունեցավ Վանաձորում և նրա կողմից սատարվող Բալասանյան դաշինքը՝ Գյումրիում, ապա կարող ենք ասել, որ այդ քվեները ձևավորվեցին վարչական ռեսուրսների շնորհիվ, այսինքն՝  այն մարդկանց, որոնք մարզային և համայնքային ենթակայության ձեռնարկության ղեկավարներ էին, աշխատակիցներ: ՀՀԿ-ն հանրային վստահության այլ ռեսուրս չունի իր ազդեցության տակ գտնվող ընտրազանգվածից բացի»:

Սաքունցի կարծիքով այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն Ազգային Ժողովի ընտրություններում ունենալու է բավականին լուրջ խնդիրներ. «Ենթադրում եմ, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ: Առաջիկա չորս ամսվա ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների գործելակերպը ցույց կտա, թե կձևավորվե՞ն արդյոք դաշինքներ, կլինե՞ն փոխադարձ համաձայնություններ: Ամեն դեպքում կարծում եմ՝ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա՝ անկախ նրանից կկոնսոլիդացվեն ընդդիմադիր ուժերը, թե՝ ոչ»,-նշում է Սաքունցը: 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին