Կարևոր իրադարձություններ

Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար

02 Հուլիս, 2024 14:15
Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի  նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները, որոնք նպաստում են խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրները վեր հանելուն և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելուն։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և ըստ գերատեսչությունների` դրանց պատշաճ հասցեավորումը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատին և գործառույթներին, խոշտանգման հասկացությանը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերին, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշներին, ոլորտի ՄԻԵԴ վճիռներին, ոչ հոժարակամ բուժմանը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությանը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ, հացադուլի դեպքերի վարմանը և այլն։

Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին