Կարևոր իրադարձություններ

SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը հատեց եզրագիծը (լուսանկարներ)

02 Հուլիս, 2024 11:37
SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը հատեց եզրագիծը (լուսանկարներ)

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը հատել է եզրագիծը։

Պարի տոնն այս տարի անցկացվել է հունիսի 24-29-ը։ Այն անցկացվե է Երևանում և Աշտարակում։

4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացրել պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։

«SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։  Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Ուրախ ենք, որ այս տարի ևս, հավատարիմ լինելով մեր առաքելությանը, լավագույնս իրականացրեցինք փառատոնը»,- նշում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի մեկնարկը տրվել է Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում։ Այնուհետև մի շարք ցուցադրություններ տեղի ունեցան երևանյան հարթակներում։

Փառատոնային կարևոր նախագծերից էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացված Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան)։

Կայացել է նաև փառատոնային կարևոր նախաձեռնություններից մեկը՝  փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող էին մասնակցել հայ պարողները։  Իսկ փառատոնի փակմանը հանրությունը դիտեց Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։  Այն առանձնահատուկ էր նրանով, որ ներկայացվել է Ժնևում, իսկ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվել է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։

Փառատոնի մարգարիտն էր Armenian Showcase-ը՝ հայկական ցուցադրությունը, որն ի մի էր բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները, և որի շրջանակում ներկայացվել են հետաքրքիր բեմադրություններ։

Մասնավորապես, Երևանի թատրոնի և կինոյի բեմում ցուցադրվել ենՎանեսա Հակոբյանի «Օծանելիքը»՝ հիմնված է Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի վրա, Նելլի Մարտիրոսյանի «Սիզիփոսը»՝ հիմնված Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» էսսեի վրա, Սուսաննա Վարդանյանի «Հուդան», Արշավիր Մուրադյանի «Նոն-կոնֆորմիզմը»՝ մտերիմ ընկերներ ու անհաշտ մրցակիցներ Մոցարտի և Սալիերիի մասին  և Անահիտ Թորոսյանի «Կանչիր ինձ, և ես կգամ» բեմադրությունները։  

Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամայի թատրոնի Փոքր դահլիճում ներկայացվել են հայ երիտասարդ հեղինակների երկու պարային պերֆորմանսներ, մասնավորապես՝ Թինա Հայրապետյանի «Սիգնալը» և Մարգարիտա Սարգսյանի «Սկիզբը»։

Փոքր թատրոնի հյուրընկալ բեմում հանրությունը դիտել է Սոֆի Քէօշկէրեանի Հեռանկար, իմպուլս, աբսուրդ»,  Էդիտա Հովհաննիսյանի «Զուգահեռ իրականություն» և Միլենա Այվազյանի «Մեղքը» բեմադրությունները։

Երևանի պարարվեստի պետական քոլեջում անցկացվել են փառատոնային վարպետության դասերը, որոնք ևս մեծ հետաքրքրություն առաջացրեցին․մեծաթիվ հայտեր ստացվեցին։ Վարպետաց դասերն անցկացրին հայտնի պարուսույցներ Ֆրանսիայից, Ղազախստանից և Ռուսաստանից։ Անցկացվեցին նաև մի շարք հետաքրքրական դասախոսություններ։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

 

Լրահոս

Դիտել ավելին