Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում բացահայտել ենք հայկական առաջին բնական կոսմետիկայի՝ « Նաիրիան» -ի ստեղծման պատմությունն ու առաջիկա անելիքները:
22 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո ամուսիններ Արա ու Անահիտ Մարկոսյանները, որոշում եմ վերադառնալ Հայաստան ու զբաղվել բնական կոսմետիկայի արտադրությամբ: Shabat.am-ի զրուցակիցներն են Նաիրիան-ի հիմնադիրները:
-Պարո՛ն Մարկոսյան, բավականին երկար տարիներ բնակվել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպե՞ս ստացվեց, որ վերադարձաք Հայաստան:
-Միշտ մտածել ենք, որ վաղ թե ուշ պետք է վերադառնանք Հայաստան, բայց որ պատճառը «Նաիրիան»-ը կլինի, չէինք կարծում: 5 տարի առաջ միտք առաջացավ զբաղվել եթերային յուղերի արտադրությամբ, և սկսեցինք նախնական հետազոտական աշխատանքներ կատարել, ամենասկզբից հասկանալի չէր, թե այդ բիզնեսը որքանով կլինի կայուն և աշխատող: Բիզնես հիմնելու որոշումը հասունացավ, և 2012թվականին ստեղծվեց առաջին Նաիրիան լաբորատորիան, որտեղ սկսեցինք անել հետազոտությունները: Այդ ժամանակ մենք տարին մի քանի անգամ գալիս էինք Հայաստան այդ նպատակով, իսկ 2014թ.-ի գարնանը լիովին տեղափոխվեցինք և սկսեցինք աշխատել այստեղ:
-Պատմեք խնդրեմ, թե կոսմետիկա ստեղծելու գաղափարն ինչպե՞ս ծագեց:
-Անահիտ Մարկոսյան- Թեղուտի հանքի շահագործման շուրջ խնդիրների ժամանակ ես տեսնում էի, որ այնպիսի կարծիք է շրջանառվում, թե որպեսզի մարդիկ գործ ունենան, պետք է անպայման մենք աշխատեն հանքարդյունաբերությունում, ինչն իրականում հսկայական վնաս է հասցնում մեր հայրենի բնության ու չի կարող երկարաժամկետ լինել: Իմ գլխում մի գաղափար էր հոլովվում. ինչպես կարելի է մարդկանց համար աշխատատեղեր ապահովել՝ առանց բնությանը վնաս հասցնելու և ստեղծելով կայուն վերարտադրվող արտադրություն: Քանի որ մեր երկիրը գտնվում է բարձրադիր գոտում, այստեղ բույսերը բազմազան են, յուրահատուկ և բուժիչ: Նաիրիան-ի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ այս հարստությունը դեռևս չի արժևորվել իր հնարավորությունների չափով:
-Արա Մարկոսյան -Հայաստանում բացառիկ բնակլիմայական պայմաններ կան, շատ արև, չոր մթնոլորտ, ջերմաստիճանների տարբերություն և շատ հարուստ հող:
-Անահիտ Մարկոսյան-Այս պայմանները պարտադիր են բարձր որակի եթերային յուղեր ստանալու համար: Սկզբում մեր նպատակն էր միայն եթերային յուղերի արտադրությամբ զբաղվել, սակայն հասկացանք, որ դրա համար անհրաժեշտ էին մեծ պլանտացիաներ, դրանք մշակելու համար բավականին երկար ժամանակ: Այդ ժամանակ մեզ տրամաբանական թվաց, որ կարելի է գաղափարը զարգացնել և այդ եթերային յուղերն օգտագործել նաև բնական կոսմետիկա արտադրելու համար:
Մենք շուկան ուսումնասիրեցինք և հասկացանք, որ սա աշխատող տարբերակ է, քանի որ բնական, մաքուր, բրենդային, համաշխարհային ստանդարտներին համապատասխան կոսմետիկա Հայաստանում չի արտադրվում:
-Արա Մարկոսյան- Հիմնական գաղափարը հետևյալն է՝ օգտագործել Հայաստանի բացառիկ բնակլիմայական պայմանները, արևի առատությունը, և մարդկային հզոր ներուժի շնորհիվ ստանալ բարձրորակ բնական կոսմետիկա, քանի որ համաշխարհային շուկայում բնական կոսմետիկայի և եթերային յուղերի պահանջարկն անընդմեջ մեծանում է:
-Անահիտ Մարկոսյան- Այո, ժամանակի հետ պահանջարկը շատանում է, սակայն բույսեր աճեցնելու և եթերային յուղեր ստանալու համար տարածքները քչանում են, որովհետև սննդային կուլտուրաններն ավելի շատ տեղ են գրավում: Եթերային յուղեր ստանալը հեշտ չէ, պետք է լինեն գիտականներ, ովքեր կկարողանան տեխնոլոիգիա մշակել: Այս պահի դրությամբ մենք ունենք 31 աշխատող, նրանցից շատերը Արագյուղից են, իսկ գիտնականները, ովքեր աշխատում են մեր լաբորատորիայում, ամեն օր աշխատանքի են գալիս Երևանից:
-Առաջին հայկական արտադրության բնական կոսմետիկա. Առաջինը լինելը պարտավորեցնո՞ղ է Ձեզ համար:
- Այո, իհարկե պարտավորեցնող է, երբ մենք ասում ենք ՝ հայկական առաջին բնական կոսմետիկա արտադրող, նկատի ունենք այս որակի, այս կարգի պրեմիում, ամբողջովին բնական կոսմետիկա: Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց բնակարաններում օճառներ կամ քսուքներ են պատրաստում, բայց այսպիսի կոսմետիկա, որտեղ արհեստական նյութեր և բույրեր չեն պարունակում, Հայաստանում չի արտադրվել: Առաջին բնական կոսմետիկան հնարավորություն կտա Հայաստանին նոր դեմքով ներկայանալ միջազգային շուկայում:
Մենք ունենք մի քանի կարևոր սկզբունքներ՝ որակ, որն ամենակարևորն է, երկրորդը՝ թափանցիկությունն է, այսինքն՝ այն, ինչը կա մեր արտադրանքի բաղադրության մեջ, ամբողջությամբ ներկայացված է տուփերի վրա:
Մենք բույսերը հիմնականում աճեցնում ենք մեր դաշտերում, իսկ որոշ մասը գնում ենք մարզերից, այսինքն՝ մենք վերահսկում ենք արտադրության ամբողջ պրոցեսը և երաշխավորում ենք որակը:
-«Նաիրիան» կոսմետիկայի անվանումը որևէ հետաքրքիր պատմություն ունի՞:
-Արա Մարկոսյան – Գիտական մոտեցում էր, երեք սկզբունքով ընտրվեց՝ պետք է լիներ հայկական, չպետք է սկսվեր արմ-ով կամ հայ-ով, դոմենը պետք է ազատ լիներ, և պետք է գեղեցիկ հնչեր: «Նաիրիան»-ը բնական է, հայկական ու գեղեցիկ, մի փոքր էլ կանացի: Այն աջից՝ ձախ և հակառակը նույն կերպ է կարդացվում:
-Անահիտ Մարկոսյան- Լոգոյի ստեղծման համար Արան և տղաս աշխատեցին 9 ամիս: Այն ստեղծվել է հայկական զարդանախշերի հիման վրա:
- «Նաիրիան» կոսմետիկան բացի Հայաստանում վաճառվելուց, արտահանվո՞ւմ է այլ երկրներ:
- Արդեն սկզբնական քայլերը կատարվել են, սեպտեմբեր ամսից ԱՄՆ-ում հասանելի կլինի վաճառքի օնլայն տարբերակը, աշխատում ենք նաև Ռուսաստան և Ճապոնիա արտահանելու ուղղությամբ:
-Տիկին Անահիտ, Դուք մասնագիտությամբ ֆիզիկոս եք, բիզնեսում սա որքանո՞վ է Ձեզ օգնում:
- Ինձ միշտ ասում են՝ ֆիզիկոս ես, ինչպես է եղել, որ այսքան տեղեկացված ես բույսերի մասին: Ես էությամբ գիտնական եմ, իսկ գիտնականը մտնում է մի ոլորտ ու սկսում խորապես ուսումնասիրել այն, հետազոտել:
Ես միշտ սիրել եմ բույսերի հետ գործ ունենալ, այսինքն դա միշտ հոբբի է եղել: Այժմ այդ հոբբին վերածվել է մասնագիտության: Բավականին երկար տարիներ է՝ ես բնական կոսմետիկա եմ օգտագործում, չեմ սիրում արհեստական հոտերը, դրանք ինձ վրա վատ ազդեցություն են թողնում:
Կանայք Հայաստանում, ԱՄՆ-ի հետ համեմատած՝ ավելի քիչ են իրազեկված այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ քիմիական կոսմետիկ միջոցներից:
Բացի բնական կոսմետիկա արտադրելուց և վաճառելուց՝ մենք նաև դասընթացներ ենք իրականացնում, այսպես ասած՝ «Մի բաժակ թեյ Նաիրիան» -ի հետ: Այս դասընթացների ժամանակ ներկայացնում ենք կոսմետիկայի ստեղծման պատմությունը, բնական և սինթետիկ նյութերի ազդեցությունը մաշկի վրա, ինչպես կարդալ և հասկանալ կոսմետիկայի բաղադրիչները և այլն:
Պետք է նշեմ նաև, որ մեր գիտնականները մասնակցում են միջազգային կոնֆերանսների, հոդվածներ են ներկայացնում եթերային յուղերի և դրանց հատկությունների մասին:
- «Նաիրիան»-ն առաջին անգամ հանրությանը ներկայացնելու ժամանակ մտածե՞լ եք, որ նման հաջողության կհասնեք:
-Անահիտ Մարկոսյան-Մենք ոչ թե հույս ունեինք, այլ նպատակ էին դրել, որովհետև մեր կարծիքով Հայաստանը հենց այսպիսի արտադրանքով կկարողանա մուտք գործել միջազգային շուկա, քիչ քանակով, բայց որակով: Մենք փոքր երկիր ենք և մեծ ծավալի արտադրանք չենք կարող ապահովել, բայց կարող են ունենալ բարձրորակ և բարձրարժեք ապրանք: Այդ պատճառով, եթե ինչ-որ բան արտադրվում է, այն պետք է լինի որակով:
-Արա Մարկոսյան- Մեր նպատակն այն էր, որ ստեղծեինք ամենաբարձր որակն ունեցող ապրանքը, և այդ նպատակին հասնելը տևեց ոչ թե երկու տարի, ինչպես սկզբում պլանավորում էինք, այլ գրեթե 4,5 տարի:
-Հիշո՞ւմ եք առաջին վաճառված ապրանքը ե՞րբ է եղել և ո՞վ է գնել այն:
-Անահիտ Մարկոսյան-Առաջին վաճառքը եղել է հենց բրենդի թողարկման օրը, այն գնել է Լիլիթ Պիպոյանը: Եկավ, ասաց, որ մեր առաջին հաճախորդն է եղել: Ճիշտն ասած՝ հավատս չէր գալիս, որ այս ամենն ի վերջո իրագործվեց: Ես մինչև հիմա մտնում եմ խանութ ու չեմ հավատում, որ մեր արտադրանքը վաճառվում է, ու շուտով վաճառվելու է արտասահմանում:
Պետք է ասեմ, որ ինչքան էլ մտահղացում ունենայի, եթե չլիներ Արան՝ ամուսինս, մենք այս ամենը չէինք ունենա, քանի որ նա ունի այն ջիղը, բիզնես մտածելակերպը, որն անհրաժեշտ է:
Հնարավոր է լավ գիտնական լինես, բայց չկարողանաս բիզնես ղեկավարել:
-Կոսմետիկայի արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում: Այս վայրը հատո՞ւկ է ընտրվել:
-Անահիտ Մարկոսյան- Հատուկ է այն իմաստով, որ մենք ցանկանում էինք, որ այն էկոլոգիապես մաքուր տեղում լինի, քաղաքից ոչ հեռու, որպեսզի աշխատակիցները կարողանան ամեն օր հասնել այստեղ, մյուս կողմից ուզում էինք, որ լիներ բարձրադիր գոտում՝ էկոլոգիապես մաքուր վայրում, և այդ ամենը մեզ հուշեց, որ պետք է Երևանից դեպի Հյուսիս գնանք: Այս շենքը նախկինում եղել է դպրոց, հետո՝ կարի արտադրամաս, հետո՝ ավերակ, մինչև Նաիրիանի լաբորատորիան դառնալը:
-Պարո՛ն Մարկոսյան, Ձեզ համարու՞մ եք հաջողակ գործարար:
-Հաջողության առաջին քայլերն արդեն տեսնում ենք, բայց որ ամբողջությամբ հաջողակ ենք՝ չի կարելի ասել, որովհետև դեռ ճանապարհ ունենք անցնելու:
-Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
-Հատուկ բանաձև չկա, բայց ինձ թվում է՝ պետք է հավատալ և նվիրված լինել գաղափարին: Դժվարություններ իհարկե լինում են, բայց դրանք պետք է հաղթահարել: Շատ եմ ցանկանում, որ « Նաիրիան » -ը Հայաստանում ճանաչված ապրանքանիշ լինի, «Նաիրիան»- ը թող լինի օրինակ մյուսների համար, ովքեր մտածում են Հայաստանում բիզնես ստեղծելու մասին: Ուզում ենք, որ Հայաստանը ճանաչված լինի ոչ միայն կոնյակով, այլև «Նաիրիան» -ի արտադրանքով:
-Անահիտ Մարկոսյան- Կյանքում սկզբունքներ կան, որից ես ու Արան չենք շեղվել, առաջին հերթին՝ ազնվություն, և խորամանկ քայլերին չդիմել: Այս ամենից «Նաիրիան»-ն էլ չպետք է շեղվի:
Տաթև Այվազյան, Մարիամ Մելքումյան
Լուսանկարները՝ Խաչատուր Էլլոյանի