«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Էլինար Վարդանյանին հեռացնելու որոշումը պայմանավորված է եղել նրա կուսակցական պասիվ գործունեության, քվեարկությանը չմասնակցելու հետ: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորը նշեց, որ եթե քվեարկությանը չմասնակցելով՝ պատգամավորն իր կարծիքն է հայտնել, որը տարբերվել է խմբակցության դիրքորոշումից, թող «քվեարկությամբ արտահայտեր իր թեկուզ տարբերվող կարծիքը»:
Էնֆիաջյանը հավաստիացրեց, որ Էլինար Վարդանյանին կուսակցությունից հանելու և մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանին հանձնաժողովներում ներկայացվելու հնարավորությունից զրկելու ԲՀԿ որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի:
Վահե Էնֆիաջյանը հայտնեց, թե մի քանի գործուղումներ են եղել, որոնց Էլինար Վարդանյանը մասնակցել է և կուսակցության նախագահին, քարտուղարին տեղյակ չի պահել:
«Եթե գնում է գործուղման և տեղյակ չի պահում, նորմա՞լ եք համարում, չեք կարծո՞ւմ, որ այսկերպ աշխատանքային կուլտուրան ոտնահարվում է»,- նշեց նա:
Էնֆիաջյանն ասաց, որ եթե պատգամավորներն այլ ծրագրեր ունեն, պետք է ազնիվ գտնվեն, հակառակ դեպքում՝ գործեն «համահունչ»: