Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը Հալեպի Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի համալիրում Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալին պաշտոնապես հանձնել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը։
Աս մասին հայտնել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։
Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել նաև Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը և Հալեպի նահանգապետարանի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ղասսան Ֆարուհը։
Օժանդակությունը, որը ներառում է սնունդ և դեղորայք, պետք է բաժանվի Հալեպում և Դամասկոսում։
Այս առիթով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը նշել է․ «Պատմականորեն սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական կապեր են ունեցել և փոխադարձ աջակցություն են տրամադրել։ Հուսով եմ, որ սիրիացի ժողովուրդը շուտով հաղթահարի այս մարտահրավերները, և Սիրիան կրկին կդառնա բարգավաճ երկիր»։
Իր հերթին, Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալն իր շնորհակալությունն ու երախագիտությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և կառավարությանը տրամադրված մարդասիրական օգնության համար՝ ավելացնելով, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերություններն ամուր պատմական կապեր ունեն։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:
Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել թուրքական կողմին։