Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են բացել չորս նոր անցակետ բուֆերային գոտում

18 Մարտ, 2025 20:50
Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են բացել չորս նոր անցակետ բուֆերային գոտում

Ժնևում երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել Կիպրոսի խնդրի լուծման գործում՝ պայմանավորվելով կղզու երկու կողմերում երթևեկության համար բացել չորս անցակետ՝ հարավից հյուսիս և հյուսիսից հարավ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նրա խոսքով՝ քննարկումներն անցել են կառուցողական ձևով, երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունը բանակցություններում առաջընթացի հասնելու և երկխոսությունը շարունակելու հարցում:

Գուտերեշը նշել է, որ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը պայմանավորվել են փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շուրջ։ Դրանք ներառում են չորս անցակետերի բացում, բուֆերային գոտու ականազերծմանն ուղղված ջանքերի ավելացում, երիտասարդության հարցերով տեխնիկական հանձնաժողովի ստեղծում, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախաձեռնություններ և գերեզմանոցների վերականգնում:

«Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով հանդիպում անցկացնել հուլիսի վերջին, և ես կնշանակեմ անձնական ներկայացուցիչ՝ հաջորդ քայլերը նախապատրաստելու համար»,-հավելել է գլխավոր քարտուղարը։

 

Լրահոս

Դիտել ավելին