Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ:
Վերջինիս համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: