Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ:
Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում:
Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը:
Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:
Նախարարի խոսքով 10 տարեկանների շրջանում բարելավվել են նաեւ գեղարվեստական եւ գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները. անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022 թվականի 47 տոկոսից 2024 թվականին իջել է շուրջ 20 տոկոսով` դառնալով 28 տոկոս: Երեխաների կեսից ավելին ունեցել է 64,3 տոկոսից բարձր արդյունք. այսինքն` ճիշտ է պատասխանել իր կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին:
Պետության համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 56 տոկոսն աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում: Նոր ուսուցիչների 32 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, 39 տոկոսը` 31-40 տարեկան:
Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20 տոկոսն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: «Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը` 56,7 տոկոս»,- ընդգծել է նա:
Խոսելով դպրոցաշինության աշխատանքներից` նշվել է, որ 2021-2024 թվականներին մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով իրականացման տարբեր փուլերում է գտնվում 220 հաստատություն, որոնցից 35-ը` շինարարության փուլում է, 136-ի համար կնքված են շինարարության պայմանագրեր, իսկ 14-ի գծով ծառայությունների գնման գործընթացներ են կազմակերպված: Միաժամանակ վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: 2021-2024 թվականներին շահագործման են հանձնվել 40 դպրոց եւ 16 մարզադահլիճ: Դպրոցներում իրականացվում են նաեւ ընթացիկ նորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 500 դպրոցում իրականացվել են շուրջ 800 մլն ՀՀ դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:
2024 թվականին արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններ է ընդունվել 15,058 ուսանող` 2023 թվականի նկատմամբ գրանցելով ընդունելության 11,4 տոկոս աճ:
Սպորտի ոլորտում 2024 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից` 123 ոսկե, 107 արծաթե եւ 154 բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը` կազմելով 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոս ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13,8 տոկոսը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի կամ 5,6 տոկոսի համեմատ, իսկ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 մեդալ` 18 ոսկե, 9 արծաթե եւ 10 բրոնզե:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները, նշել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում բոլոր մարզերում կազմակերպվել են մշակութային էքսպոներ, որոնց շրջանակներում դպրոցներն իրազեկվել են մշակութային հաստատությունների գործունեության վերաբերյալ: Էքսպոներին մասնակցել է 10 մարզի 65 մշակութային կազմակերպություն. ունեցել են ընդհանուր շուրջ 27,000 այցելու: Մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի շրջանակում այցելությունները թանգարաններ եւ թատրոններ` շուրջ 300,000 աշակերտ, ինչը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ընդգրկում հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70 տոկոսը:
Գրադարաններում եւ թանգարաններում իրականացվել է ավելի քան 1800 կրթամշակութային ծրագիր, որին մասնակցել է շուրջ 38,820 այցելու, ինչը մոտ 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետական եւ համայնքային թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է` կազմելով շուրջ 1,245 մլն: Արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 763,000: Թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են 2022 թվականի համեմատ` կազմելով շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաեւ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը:
Կազմակերպվել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնը` շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների եւ մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30,000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները սփյուռքի ոլորտում: Ըստ այդմ` հաշվետու տարվա ընթացքում 13 երկրում: Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում նշանակվել է սփյուռքի գործերի 16 հանձնակատար:
2024 թվականին կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 11 երկրի` Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ ԱՄՆ-ի 26 տարբեր քաղաքի հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել է ավելի քան 160 միջոցառում:
Սեպտեմբերի 17-20-ը կազմակերպվել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 1000 հյուր շուրջ 60 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկումներ, 3 թեմատիկ ցուցահանդես եւ մշակութային միջոցառումներ: Գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված են եղել 180 բանախոս եւ մոդերատոր 25 երկրից:
«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Ծաղկաձորում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա` 20 երկրից:
«իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգումե միջոցառման շրջանակում 2023-2024 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման 64 համակարգի 18 կառույցում, իսկ 2024-2025 թվականներին` 40 մասնագետ 20 կառույցում: 2023-2024 թվականների մասնակիցների 80 տոկոսից ավելին որոշել են շարունակել աշխատել Հայաստանում:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: