Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ մեսիջներ էին տալիս մամուլի միջոցով իշխանությունները. «Շաբաթ»-ի մամուլը (տեսանյութ)

03 Մարտ, 2025 23:39
Ի՞նչ մեսիջներ էին տալիս մամուլի միջոցով իշխանությունները. «Շաբաթ»-ի մամուլը (տեսանյութ)

Քչերը գիտեն, որ հայկական մամուլը, բացի իշխանությանը դաժան քննադատելուց, հաճախ է տարածում իշխանական և այլ շրջանակներից կազմակերպված արտահոսքեր կամ պատվերով հոդվածներ։

Եվ այդպես է արդեն 30 տարի։

Շաբաթի մամուլում այս անգամ աչքի են ընկել հետևյալ քաղաքական մեսիջները։

Երբ որևէ յուղալի պաշտոն թափուր է մնում, անմիջապես մամուլում իրենց մասին սկսում են հիշեցնել այդ պաշտոնի մասին երազողները։

Երբեմն էլ օպերատիվ ծառայությունները մարդկանց տրամադրություններն են ստուգում իրական թեկնածուների անունը մամուլում շրջանառելով։

Այս շաբաթ մամուլը սահմանադրական դատարանի դատավոր նշանակեց նախ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, հետո՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին, վերջում էլ՝ Արամ Սարգսյանի զինակից Արտակ Զեյնալյանին։

Այս երեքից որն էր իրական անունը, և որն էր լրագրողների միջոցով ինքնառաջադրում, գիտի միայն մեկ նախկին լրագրող։

Շաբաթվա ամենաինտրիգային քաղաքական հոդվածը հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ «Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար» կփոխի». այս հոդվածում մեսիջ էր տրվում Սրբուհի Գալյանի և դատարանների համար պատասխանատու ներկա բոլոր պաշտոնյաներին, որ կարող է սկսվել sms-ների նոր տեղատարափ, եթե կարևոր դատական գործերը չարագանան։ Այսինքն՝ հստակ մեսիջ էր՝ արագ արդյունք տվեք կամ կհեռանաք ձեր նախորդներից շատ ավելի արագ տեմպերով։ 

«Փաստ» օրաթերթը գրել էր «Թե չէ միայն «ջան» էին ասելու, «ջան» լսեն» վերնագրով մի տափակ հոդված, որի նպատակն էր արդարացնել խորհրդարանական ընդդիմությանը։ Այս հոդվածի շահառուները, ենթադրաբար թերթի միջոցով ուզում էին բացատրել ժողովրդին, թե ինչու են պահել մանդատները։

Պարզվեց, ընդդիմությունը կարողացել էր գնալ ու փրկել հայրենիքը մի հիմար ժողովի ժամանակ, որտեղ ոչնչի մասին էին երկխոսում իշխանություններն ու Եվրամիության չինովնիկները, և չէին թողել, որ այդ երկու կողմերը առանց իրենց սուր հարցերի ջան ասեին ու ջան լսեին։

«Ժողովուրդ» օրաթերթն իր սրտի դատավոր Ռուբեն Վարդազարյանի սրտից մի հոդված էր գրել, որը հաստատ կնյարդայնացներ նախկին ԲԴԽ նախագահին դատող դատավոր Վահե Դոլմազյանին։ Օրաթերթը հիշեցնում էր, որ Դոլմազյանը դատախազ աշխատած ժամանակ անարդար մեղադրանքներ էր առաջադրել գեներալ Մանվելին։

Հոդվածագիրը կամ դրա շահառուն մոռացել էին, որ Դոլմազյանի առաջադրած մեղադրանքը դատարանի վճռով հաստատվել էր։

Իհարկե, նման հոդվածները հաճախ ճշմարտության բացահայտման համար չեն, այլ երբեմն մարդիկ փորձում են այդպես ազդել այլոց վրա իրենց սրտի արդյունքները ստանալու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին