Կարևոր իրադարձություններ

Ես չեմ արտահանձնվի Հայաստանին. Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ բանտից

28 Մարտ, 2025 10:42
Ես չեմ արտահանձնվի Հայաստանին. Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ բանտից

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը, ով արդեն տևական ժամանակ է գտնվում է ԱՄՆ բանտերից մեկում, բաց նամակ է հղել իր աջակիցներին։ Նա մասնավորապես գրել է․

«Ողջույն, հարգելի ժողովուրդ։

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն անձանց, ովքեր եկան և մասնակցեցին մարտի 25-ի ցույցերին Երևանում և Գլենդելում։ Ցանկանում եմ հայտարարել՝ ՀՀ իշխանությունների մուրազը մնալու է իրենց փորը, և ես չեմ արտահանձնվի Հայաստանին։ Ավելացնեմ նաև, որ այս պահին ոչ մի դրամահավաքի անհրաժեշտություն չկա, և ես բավարարված եմ իմ փաստաբանական խմբի աշխատանքով։ Շատ շնորհակալ եմ Մարկ Կիրակոսից, բայց նրա օգնության կարիքը այլևս չկա։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն քաղաքական գործիչներին՝ հանձինս Համայակ Հովհաննիսյանի, Գևորգ Պետրոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի, որոնք ունեցան ազնվություն և համարձակություն բացեիբաց ձեռնոց նետելու ՀՀ իշխանություններին։ Իսկ «մնացած ընդդիմությունները» լռեցին՝ «ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ հնդիկներով ու արաբներով»։

Նաև ավելացնեմ, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և ՀՀ-ում ներկայացնում է ինձ։ Կոչ եմ անում կուսակցության բոլոր անդամներին, հետևորդներին, բարեկամներին հավաքվել նրա շուրջ։ Անընդունելի է պառակտումը և փոխադարձ ատելությունը։

Հարգելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք հիասթափվում և չենք վախենում։ Մեր ներքին թշնամին թույլ է, վախկոտ է, բայց նենգ է ու չար։ Իսկ ի՞նչ է պետք չարի հաղթանակի համար. որպեսզի բարի մարդիկ ոչինչ չանեն։

Հարգանքով

Վարդան Ղուկասյան»,- գրել է նա։

Լրահոս

Դիտել ավելին