Կարևոր իրադարձություններ

Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են. ՄԻՊ

24 Փետրվար, 2025 10:10
Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են. ՄԻՊ

Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Քննարկումները վարել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, հայտնում են աշխատակազմից։ 

«Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, սոցիալական ցանցերի ազդեցությունը մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ դրության ժամանակ, դրանց միջազգային իրավական սկզբունքներն ու ներպետական համատեքստը:

Դասընթացը վարել են ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Պաշտպանի օգնական, Ազդարարման պատասխանատու Միլենա Տոնեյանը, ՄԻՊ աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը, աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը և աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանը:

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երիտասարդները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ:

Նշենք, որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:

Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Այն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին