Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազան. Թրամփ

05 Փետրվար, 2025 23:47
ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազան. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահը նախկինում հորդորում էր Գազայի բնակիչներին հեռանալ այլ երկրներ:Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ ԱՄՆ-ն իր վերահսկողության ներքո վերցնի Գազայի հատվածը, ինչը, փաստորեն, ավելին է, քան նախկինում հայտարարում էր Թրամփը, որ Գազայի բնակիչները կարող են հեռանալ հարևան Հորդանան ու Եգիպտոս։

ԱՄՆ նախագահի խոսքերը հնչել են երեքշաբթի երեկոյան, երբ նա Սպիտակ տանը հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Այս հունվարի 19-ին Իսրայելի և «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրից հետո Գազայի հարյուր հազարավոր բնակիչներ դեռ շարունակում են վերադառնալ իրենց քանդված տները։ Սակայն, ինչպես ասացինք, այս երեքշաբթի արված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, կարծես, սառը ցնցուղ լիներ մարդկանց համար։

«ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և այնտեղ աշխատանքներ կտանենք»,– ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Անցած ամիս Թրամփն առաջարկել էր Գազայի բնակիչներին տեղափոխվել այլ երկրներ՝ հարևան Հորդանան ու Եգիպտոս, սակայն այժմ նա ցանկանում է վերափոխել և զարգացնել տարածքը՝ այն անվանելով «Մերձավոր Արևելքի Ռիվիերիա»։

«Բոլորին, ում հետ խոսել եմ, դուր է գալիս այս գաղափարը։ Միացյալ Նահանգները կզարգացնի այդ հողատարածքը և հազարավոր աշխատատեղեր կստեղծի»,– նշել է նա։

Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է, երբ Սպիտակ տանը հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Ես սա ասել եմ նախկինում և կասեմ կրկին՝ դուք ամենամեծ ընկերն եք, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը»,– նշել է Նեթանյահուն։

Թրամփը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է մտադիր վերահսկողության տակ վերցնել 15 ամիս չմարող պատերազմից ավերված Գազան։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել այնտեղ ամերիկյան զորքեր ուղարկելը։

Անհասկանալի է նաև, թե Գազայի զավթումը ինչպես է զուգորդվելու Աբրահամի համաձայնագրերին Սաուդյան Արաբիան մաս դարձնելու Թրամփի՝ հայտարարած նպատակի հետ։ 2020 թվականին նա միջնորդական դեր էր ստանձնել այդ համաձայնագրերի ստորագրման համար, որոնք կարգավորեցին Իսրայելի և արաբական մի քանի երկրների հարաբերությունները։

Արաբական ամենաազդեցիկ երկիրը՝ Սաուդյան Արաբիան, հայտարարել է, թե կհամաձայնի ճանաչել Իսրայելը միայն այն դեպքում, եթե Գազայի պատերազմն ավարտվի, և պաղեստինցիները պետականություն ստեղծելու ուղի ունենան։

«Նրանց Պաղեստինից հարևան երկրներ տեղափոխելը լավ սկիզբ չէ։ Ուստի կարծում եմ, որ նման քայլը բավականին մեծ ազդեցություն կունենա։ Սակայն ոչինչ հաստատապես չենք կարող ասել, քանզի նախագահ Թրամփի հետ կապված շատ բաների պարագայում պարզապես պետք է սպասենք և տեսնենք»,– ասել է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Միրեթ Մաբրուկը։

Գազայի վերաբերյալ Թրամփի նման խոսքերը Սպիտակ տան ղեկավարի աղմուկ հանած հայտարարությունների շարքից են՝ Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի և Կանադայի մասին հայտարարություններից հետո։

Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Թրամփը նաև ընդգծել է Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու կարևորությունը՝ զերծ պահելու իսլամական հանրապետությանը միջուկային զենք ձեռք բերելուց։

Հայտնի է, որ Թրամփը նաև կարգադրել է դադարեցնել պաղեստինցի փախստականներին օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը և ԱՄՆ-ն դուրս է բերել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, որը, ըստ նրա, ունի հակասեմական ուղղվածություն։

 

Լրահոս

Դիտել ավելին