ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Հուշագրի կնքմամբ կողմերը նպատակ ունեն գործադրելու իրենց բոլոր ջանքերը` երկարաժամկետ համագործակցություն և գործընկերություն հաստատելու համար կայուն զարգացման օրակարգի՝ մասնավորապես ժողովրդագրական դիմակայունության, երիտասարդների զորացման, գենդերային հարցերի, տվյալների ու հետազոտության շրջանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջխաղացման գործում:
Ակադեմիական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում ժողովրդագրական դիմակայունության ոլորտում, կարողությունների զարգացում, տվյալների կառավարում և բնակչության կանխատեսումների իրականացում, ՄԱԲՀ գիտելիքի և փորձագիտության ինտեգրում, նոր դասընթացների մշակում և առկա դասընթացների կատարելագործում, այդ թվում` ԵՊՀ կրթական ծրագրերի շրջանակում հեռավար ուսուցման դասընթացների և քաղաքացիական ծառայողների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի ներառում. հենց այս ուղղություններով է իրականացվելու համագործակցությունը։
Համատեղ գործունեության շրջանակում կողմերը մշակելու և իրականացնելու են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը խթանող համատեղ միջոցառումներ և նախաձեռնություններ: Դրանք ներառելու են և՛ սեմինարներ, և՛ աշխատաժողովներ, և՛ համաժողովներ՝ նվիրված ժողովրդագրական դիմակայունությանը, կատարված հետազոտությունների արդյունքներին և քաղաքականության մշակման միջազգային լավագույն փորձին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ այսօր մի կարևոր քայլ է կատարվում կրթական և գիտահետազոտական բնագավառներում նոր նախագծերի իրականացման ուղղությամբ:
«Ինչպես գիտեք, մենք ստեղծել ենք Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն, որտեղ նախատեսում ենք իրականացնել խոր, համապարփակ և բազմաբովանդակ աշխատանքներ։ Մեր հիմնական գործընկեր կառույցներն են լինելու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այսինքն՝ այս նախաձեռնությունը վերածվելու է եռակողմ համագործակցության։ Այսպիսով մենք դնում ենք այն գործընթացի անկյունաքարը, որը, վստահաբար կարող ենք ասել, հետագայում կտա իր պտուղները»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։