Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, գոհունակությամբ հաստատել է, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս քահանաներին հարստանալու նոր գիտելիքներով, քննարկելու հովվական կյանքին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև փոխանակվելու միմյանց փորձառությամբ՝ առաջադրելով հովվական ծառայության մեջ առկա մարտահրավերներին ու հոգևոր կարիքներին համապատասխան նոր սկզբունքներ և մոտեցումներ։
Անդրադառնալով հայրենական կյանքում առկա դժվարություններին և անվտանգային հիմնախնդիրներին՝ Նորին Սրբությունը հորդորել է քահանաներին նվիրյալ ծառայությամբ ամենայն ջանք ի գործ դնել ազգային միաբանության զորացման ուղղությամբ։
Վերջում Նորին Սրբությունը մաղթել է եկեղեցականներին Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած անվերապահ սիրով առավել արդյունավորելու իրենց առաքելությունը։
Վեհափառ Հայրապետը նաև պատասխանել է հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։