Կարևոր իրադարձություններ

Առուշ Առուշանյանի պատիժը խստացվել է՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում

15 Հունվար, 2025 22:06
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվել է՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ Առուշանյանը կազատազրկվի։

Այս մասին Shabat.am-ին հայտնեց Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

«Դատարանը ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողության վարչության պետ Լ. Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը «Որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ» միջնորդութունը բավարարել է մասնակի և ազատազրկման ժամկետ սահմանել 1 տարի 8 ամիս:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացնել։

Հանցանքների համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ վերջնական պատիժ սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկում: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ»,-նշեց խոսնակը:

Առուշ Առուշանյանի գրասենյակից դեռ չեն արձագանքել այս որոշմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին