Կարևոր իրադարձություններ

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Մարտիրոսյան

15 Հունվար, 2025 20:09
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Մարտիրոսյան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանման և օգտագործման կարողությունները, ինչպես նաև համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:

«Դաշինքը կոչված է աջակցելու համատեղ նախագծերի իրականացմանն Ասիայում մշակութային ժառանգության պահպանման և կառավարման ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ դաշինքի աշխատանքները կազմակերպվում են համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում տարբեր միջոցառումների տեսքով, մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանման միջոցով:

«Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

Լրահոս

Դիտել ավելին