Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս
Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։
Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ գիտաշխատող, բ․թ․գ․ Հայկ Համբարձումյանը, ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյանը և Արտավազդ Այվազյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանը։
Վահե Թորոսյանը և Հայկ Համբարձումյանը ներկայացրել են Մատենադարանի մեծածավալ գործունեությունը, գիտահետազոտական ընթացիկ ծրագրերը, խոսել են «Սասնա ծռեր» ազգային էպոսից, պատմել հետաքրքրական դրվագներ հայոց պատմությունից․ ինչպես են ազգի նվիրյալները ծանրագույն պայմաններում փրկել բացառիկ ձեռագրեր՝ այդպիսով պահպանելով և սերունդներին փոխանցելով հայ ձեռագրական ժառանգությունը։
Իսկ Արթուր Պետրոսյանը և Արտավազդ Այվազյանն անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս, որի ընթացքում ազատազրկված անձինք մասնագետների հետ միասին համապատասխան գործիքներով փորձել են վերականգնել Մատենադարանի կողմից տրամադրված ձեռագրերի կրկնօրինակները։
Իր բովանդակությամբ աննախադեպ այս միջոցառումը մեծ ոգևորություն և հետաքրքրություն է առաջացրել բոլոր մասնակիցների և ներկաների մոտ։ Հյուրերը նաև գրքեր են նվիրաբերել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։