Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրում կանցկացվեն հավաքական թիմերի մարզումները

28 Նոյեմբեր, 2024 17:38
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրում կանցկացվեն  հավաքական թիմերի մարզումները

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում: Այն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ:

Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական  մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: 

Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է օրենսգրքում  կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից։

Օրինագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։ 

Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խաղային գործունեության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Հավանության է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրինագծերի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների և պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Արդյունքում՝ հնարավոր կլինինույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները,  դրանք արտացոլել կադաստրային քարտեզում, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրելիս ներառել նաև հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ, ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 

Լրահոս

Դիտել ավելին