Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: Ըստ հիմնավորման՝ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա:
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար: Մասնավորապես՝ 2023 թ. Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2023 թ. աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազ. տ. (աճը՝ 19.2 %), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել է շուրջ 270 հազար տոննա:
Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում ցեմենտի ներմուծման գործընթացին, այլ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը՝ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։