Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ

28 Նոյեմբեր, 2024 09:34
«Փաստ». Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում: Նախարարական սոցիալական կոմիտեի 2024 թ.-ի սեպտեմբերի 24-ի նիստի N ԿԱ/288-2024 արձանագրության 3-րդ կետով առաջարկվել է նախարարությանը սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար էլ առաջարկվել է լրացում կատարել օրենքում և սահմանել լիազորող նորմ: Ներկայումս օրենքում նման նորմ չկա, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ:

Միևնույն ժամանակ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունը հետևյալն է. տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն աջակցությունը:

Կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում, ըստ նախարարության, մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը, ինչպես նաև նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին