Կարևոր իրադարձություններ

Կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին, կսահմանափակվի դրանց գովազդը. Թունյանը՝ նախագծի մասին

28 Նոյեմբեր, 2024 11:20
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին, կսահմանափակվի դրանց գովազդը. Թունյանը՝ նախագծի մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին:

Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:

Սակայն ինձ զարմացրեց մեկ այլ բան: Մեծ թվով օգտատերեր, այս նախաձեռնությունը ողջունելով, կոչ էին անում օրենքով արգելել նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին:

Սիրելի հայրենակիցներ, ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց ԱՐԳԵԼՎԱԾ է: Եթե նկատում եք նման երևույթներ, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաների առողջությանը:

Ինչ վերաբերում է էներգետիկներին, հիշեցնեմ, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցինք օրենսդրական փաթեթի, որով.

արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին,

սահմանափակվում է էներգետիկ ըմպելիքների գովազդը,

արգելվում է անչափահասներին ներգրավել էներգետիկ ըմպելիքների արտադրության, գովազդի, առևտրի և նման այլ աշխատանքներում:

Նախագծի հեղինակներն են՝ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը:

Նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանը կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ամբողջական ընդունումից 6 ամիս հետո»:

 

Լրահոս

Դիտել ավելին