ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ։
«Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք եւ հասկանանք նրանց կարծիքը՝ խաղաղության եւ անվտանգության օրակարգն է, որի ուղղությամբ մենք օրուգիշեր աշխատանք ենք իրականացնում»,- ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը՝ հորդորելով այդ հարցերի, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետներն ու գնահատականները։