Կարևոր իրադարձություններ

Ժողովրդագրությունը բոլորիս հավաքական գործունեության մասին է. Նիկոլ Փաշինյան

17 Հոկտեմբեր, 2024 19:14
Ժողովրդագրությունը բոլորիս հավաքական գործունեության մասին է. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը:

Ռազմավարությունը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում՝ մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը:

Կապահովվի ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ  մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ռազմավարության մշակման համատեքստում իրականացվել են ժողովրդագրական առկա վիճակի համապարփակ և համալիր վերլուծություն, ռազմավարության արդյունքային շրջանակի տեսլականի և ռազմավարական նպատակների և գործողությունների ծրագրի մշակում, իրականացված վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացում Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ: Ըստ նախարարի՝ ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի,  ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ:  

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ վերլուծության շրջանակում, մասնավորապես՝ կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն:

«Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել.

«Մենք իրականում ժողովրդագրության ռազմավարության շատ քննարկումներ ենք ունեցել: Իմ մասնակցությամբ առնվազն մի քանի քննարկում է եղել: Ուզում եմ կիսվել ձեզ հետ այս ռազմավարության շրջանակում իմ որոշակի պատկերացումների մասին, որովհետև կարծում եմ, որ ժողովրդագրական խնդիրները մի այնպիսի ծավալ ունեն, որ ուղիղ կամ անուղղակի կապվում են այս դահլիճում ներկա յուրաքանչյուր անձի գործունեության հետ»:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է «բարեկեցություն» հասկացության ճշգրտման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բարեկեցության մեջ մտնում է ոչ միայն նվազագույն պայմանների բավարարումը, այլ նաև նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը, առողջությունը և առողջապահությունը, կրթությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ժողովրդագրությունը բոլորիս հավաքական գործունեության մասին է և յուրաքանչյուրիս գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի՞,  թե՞ ոչ:

«Օրինակ՝ Իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, խաղաղության օրակարգը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, պետական ինստիտուտների կայացման ռազմավարությունը և հարցը, որ մենք պետք է կենտրոնանանք պետության և պետական ինստիտուտների կայացման վրա, մենք դա կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ»,- ասել է վարչապետը և հավելել, որ չկա այդպիսի ռազմավարություն, որը ժողովրդագրության մասին չէ:

 Կառավարության ղեկավարը նշել է. «Մեր գործունեության շահառուն, մեր նպատակակետը մարդն է, և նրա ապրելու պայմաններն ու հնարավորությունները և իհարկե, աշխատելու ու ստեղծագործելու հնարավորությունները: Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում բնակվող մարդը այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդն ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչքան փող ուզում եք ծախսենք, հնարավոր չէ:

Մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա, ինքը, իր երեխաները, իր թոռները, իր ծոռները կարող են այստեղ ապրել, աշխատել, կրթություն ստանալ, լինել բարեկեցիկ, լինել ազատ և ստեղծագործական հաճույք ստանալ կյանքից, աշխատանքից և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց: Եվ, ըստ էության, մենք այսօր հայեցակարգային մի փաստաթուղթ ենք ընդունում, որը հետագայում պետք է ճյուղավորվի՝ կապվելով մեր մնացած բոլոր ռազմավարություններին, որովհետև մեր բոլոր ռազմավարությունները նրա մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սերունդների կյանքը: Սա է մեր գործնական խնդիրը, որը մենք պիտի կարողանանք ապացուցել»:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին