Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ

17 Հոկտեմբեր, 2024 20:43
 Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ:

Առանցքում խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն էր:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, նախկին պատգամավորներ, քաղհասարակության, հասարակական, փորձագիտական, վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, բացման խոսքում կարեւորելով լսումների թեման ու անցկացումը, նշել է, որ անվտանգության միջավայրը փխրուն է, ներքին ու արտաքին սպառնալիքներն անընդհատ ուժգնանում են: «Արտաքին ճնշման ներքո որոշումներ են ընդունվում` ազգային արժեքների նսեմացմամբ, հետին պլան գցելով: Գտնում եմ, որ ՀՀ անկախության հռչակագրի բացառիկ դերը հայոց պետականության կայացման, հայ ժողովրդի համակարգային նպատակների ամրագրման, ինքնիշխանության հաստատման գործում բավականին մեծ է: Բայց վերջին շրջանում շատ են զարգացումներն ու խոսակցություններն Անկախության հռչակագրի, նաեւ Սահմանադրության հետ կապված հակասություններ գտնելու մեջ»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

«Ո'չ ՍԴ-ն, ո'չ անգամ համաժողովրդական հանրաքվեն, չեն կարող վերափոխարկել, անգամ մեկ տառ փոխել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում»,- իր ելույթում ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Հայաստանի-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը:

Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որը երբեք քննարկման, կասկածի նյութ չի եղել, շատ հաճախ մեր պետականության պատմության ընթացքում ունեցել է պաշտպանիչ վահանի դեր:

Զեկուցողը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունն Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ:

Գեղամ Մանուկյանը պատասխանել է նաեւ լսումների մասնակիցների հարցադրումներին:

Ելույթների ընթացքում լսումների մասնակիցները եւս քննադատաբար անդրադարձել են Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմանը` ընդգծելով, որ, ըստ այդ որոշման, ՀՀ անկախության հռչակագիրը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության մաս եւ չի գործում որպես գործող իրավական ակտ: Մասնակիցների գնահատմամբ ՍԴ-ն իրավունք չուներ նման որոշում կայացնելու, ըստ նրանց, դա իրավաչափ չէ: Ըստ նրանց` 1990 թվականի օգոստոսի 23-ին` հայ ժողովրդի հռչակած անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել` անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. 1990 թվականի օգոստոսի 23-ի որոշումը կայացած փաստ է, պատմական իրողություն:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին` նշելով, որ բոլոր ելույթները լրացրել են այն տեսակետը, որն իրենք ի սկզբանե ունեին: Նա տեղեկացրել է, որ հայտարարության նախագծի վերաբերյալ հնչած առաջարկները կքննարկվեն եւ հաշվի կառնվեն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին