Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն ուզում է պաշտոնանկ անել Գրիգոր Մինասյանին. պատճառներից մեկը Քոչարյանի գրքով նկարված փոխնախարարն է

26 Սեպտեմբեր, 2024 23:17
ՔՊ-ն ուզում է պաշտոնանկ անել Գրիգոր Մինասյանին. պատճառներից մեկը Քոչարյանի գրքով նկարված փոխնախարարն է

«Քաղաքացիական պայմանագրում» ստորագրահավաք են սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Սա հաջորդում է փոխնախարարի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի նշանակմանը։

Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնության հեղինակներին չի բացահայտել, նաև չի պարզաբանել՝ նախարար Մինասյանի աշխատանքը ինչո՞վ և ո՞ր հարցերում չի գոհացնում իրենց: Առաջարկեց սպասել ստորագրահավաքի արդյունքներին, անգամ չհստակեցրեց՝ ինքը միացել է, թե՝ ոչ:

«Սա էն տիպի հարց է, որ խմբակցության այս կամ այն անդամը ճիշտ չի լինի, որ հանդես գա ինչ-որ կարծիքով և այլն: Սա պետք է լինի հավաքական տեսակետ, որը պետք է ներկայացվի վարչապետին», - ասել է Աղազարյանը:

2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին մասնակցած Սիրվարդ Գևորգյանը մոտ 20 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արդարադատության փոխնախարար: Նշանակումից անմիջապես հետո համացանցում տարածվել է Գևորգյանի լուսանկարը երկրորդ նախագահի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքն էլ՝ ձեռքին: Նորանշանակ փոխնախարարն անգամ պարզաբանում է տարածել, թե երկրորդ նախագահի հետ կապ չունի։

Կուսակցական վերջին նիստին մասնակցած Հովիկ Աղազարյանը հաստատում է՝ Գրիգոր Մինասյանի կադրային քաղաքականությունից թիմում դժգոհություն կա: Չնայած Սիրվարդ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ է պաշտոնավարում, միևնույնն է Գրիգոր Մինասյանից դժգոհ ՔՊ-ականների համբերությունն, ըստ Աղազարյանի, հատեց Գևորգյանի նշանակումից հետո:

«Բաժակի մինչև վերջին կաթիլը չլցվի բաժակը չի համարվի լիքը և նաև եթե դու երկրաչափական պրոգրեսիայով ես շարժվում մի պահ առաջ բաժակը լինում է կիսով լցված, հաջորդ պահին արդեն լիքը լցված», - նշել է Հովիկ Աղազարյանը:

Ստորագրահավաքին միացել է տասնյակից ավելի պատգամավոր, թե ովքեր են, հայտնի չէ, ՔՊ-ից չեն մանրամասնում: Պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս հրաժարվեց հստակեցնել միացե՞լ է արդյոք ստորագրահավաքին, թե՝ ոչ: Իսկ Գրիգոր Մինասյանի աշխատանքին, ասաց, չի կարող գնահատական տալ, ոլորտին չի տիրապետում, որոշում կկայացնի թիմակիցներին լսելով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը տեղեկացրել է, որ հրաժարական է ներկայացրել։

Ինչին իր հերթին արձագանքել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ գրելով.

«Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին