Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ քայլ՝ ուղղված տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանը

26 Սեպտեմբեր, 2024 20:17
Եվս մեկ քայլ՝ ուղղված տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին:

Նախագծերով փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ
չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքեր կստեղծվեն, որն էլ, իր հերթին, կկրճատի լրացուցիչ ֆինանսական ծախսերը՝ բարելավելով գործարար միջավայրը՝ հատկապես տեխնոլոգիական և ինժեներական  ոլորտի ընկերությունների համար։

Սեպտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում նախագծերը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում։ Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում:

Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքումպարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական ծախսեր։ Մասնավորապես, 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված ընկերությունների կողմից հասնում էր 60 հազար դրամի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ։ Նշված ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Նոր կարգավորմամաբ իրավական հիմքեր են ստեղծվում նշված ցանկի հրապարակման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին