Կարևոր իրադարձություններ

Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

26 Սեպտեմբեր, 2024 18:57
Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը:

Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բազմաթիվ հայտնի մտավորականների հետ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա են եղել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը:

Հոգեհանգստյան կարգին հաջորդել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում  «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

«Տարեսկզբից ի վեր արդեն միջոցառումներ են անցկացվել, ու մենք նաև առիթ ենք ունեցել հենց այստեղ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, հանդիպելու և ներկայացնելու հրատարակությունները, ծրագրերը, ցուցադրությունների հետ կապված աշխատանքները: Կոմիտասի ժառանգությունն այնքան բազմաշերտ է, որ ցանկացած նոր աշխատանք ընդամենը ցույց է տալիս, թե դեռ որքան բան կարելի է անել: Շատ կարևոր է, որ հանրահռչակման հարցում առանձնակի ուշադրություն դարձնենք կրթությանը: Եվ ուրախ եմ, որ այսօր էլ պանթեոնում բազմաթիվ երեխաներ կային, ինչը  ցույց է տալիս, որ դպրոցներում հատուկ ուշադրություն է ցուցաբերվում, և երեխաները ոչ միայն գիտեն Կոմիտասին, այլ նաև գիտեն՝ ինչպես հարգել ու ինչպես հարգանքի տուրք մատուցել»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2024-25 ուստարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը դպրոցներին թույլ է տալու նաև առանձին ծրագրերով, նախագծերով ներկայանալ այս կարևոր հոբելյանին:

Նախարարը նշել է, որ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այսօր մեկնարկող ցուցադրությունից բացի՝ նախատեսված է նաև «Անտունի» բալետային 

ներկայացման առաջնախաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Կարևոր աշխատանք է կատարվում Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու, դրան նորովի մոտենալու նպատակով: «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը մեր երկու թանգարանների համագործակցության արդյունքում է կայանում, որին մասնակցում է նաև ֆրանսիական կողմը»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ  տարբեր մշակութային հաստատությունների ներգրավվածությունը կարևոր հանգամանք է:

«Մեծերը, կարծես, բոլորինն են, և յուրաքանչյուրն իր անձնական առնչվածությունն ունի նրանց հետ: Կարծում եմ՝ Կոմիտասի երաժշտությունը, մեղեդիները հենց այդ հնարավորությունն են տալիս յուրաքանչյուրիս՝ անձնական փորձառության,  զգացողությունների առումով: Ամենակարևորը կոմիտասյան երաժշտության հնչողությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպիչներին:

Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Մարգարիտ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել Կոմիտասի կյանքում, և ցուցանմուշներում տեղ են գտել նաև նրանց փոխադարձ նամակները, որոնք նորովի են բացահայտում Կոմիտասին:

«Սա զուտ ցուցադրություն չէ, այլ հետազոտական մեկ տարվա աշխատանք, որն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ու Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշել է, որ  ցուցադրության մեջ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտաս Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի նամակագրությունը, որն ամբողջությամբ պարուրված է մարդկային ջերմությամբ:

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի խոսքով՝ Մարգարիտ Բաբայանն իր ժամանակի լավագույն երգչուհիներից է, որը մեծ աշխատանք է կատարել հայ երգի միջազգայնացման ուղղությամբ:

«Ավետիք Բաբայանը՝ Մարգարիտի հայրը, իր երեք դուստրերին տարել է Փարիզ, որտեղ նրանք երաժշտական կրթություն են ստացել: Կոմիտասի կյանքում ևս Փարիզը հատուկ տեղ է ունեցել, և նրանց մարդկային մտերմությունը նաև նպաստել է, որ Մարգարիտ Բաբայանի կատարումներում մեծ տեղ ունենան Կոմիտասի գործերը»,- նշել է նա:

«Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, «Արդշինբանկը», «Վեոլիա ջուր» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը։

 

Լրահոս

Դիտել ավելին