Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլի մրցամարտ է անցկացվել ազատազրկված անձանց և քրեակատարողական ծառայողների միջև (լուսանկարներ)

26 Սեպտեմբեր, 2024 20:25
Ֆուտբոլի մրցամարտ է անցկացվել ազատազրկված անձանց և քրեակատարողական ծառայողների միջև (լուսանկարներ)

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա՝ հոկտեմբերի 19-ի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ֆուտբոլի մրցամարտ ազատազրկված անձանց և քրեակատարողական ծառայողների միջև ։

Խաղին հետևել են Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմը, ազատազրկված անձինք։

Դաշտում ընթացել է գեղեցիկ, պրոֆեսիոնալ խաղ, իրենց լավագույն մարզական որակներով հանդես են եկել երկու թիմերի բոլոր խաղացողները։ Ֆուտբոլային կրքերը թեժ են եղել նաև հանդիսատեսի շարքերում․ նրանք իրենց բացականչություններով ոգևորել են մասնակիցներին ողջ խաղի ընթացքում։

Հանդիպումը ստացվել է գոլառատ, և համառ պայքարի արդյունքում խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։

Ավարտին Սահակ Գրիգորյանը ողջունել է խաղացողներին և շնորհակալություն հայտնել՝ ակտիվ մասնակցելու և խաղին ամբողջությամբ տրվելու համար։ Գովասանքի խոսքեր է ուղղել մասնակիցներին նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը՝ ընդգծելով, որ խաղը շատ տպավորիչ էր և հետաքրքիր։

Նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ Քրեակատարողական ծառայությունը վերահաստատում է, որ ազատազրկված անձանց օգտակար զբաղվածության ապահովումը նրանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է, և շարունակելու է քայլեր ձեռնարկել օգտակար զբաղվածության ապահովման հնարավորություններն ընդլայնելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին