Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին

04 Հուլիս, 2024 18:38
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ կառավարության անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում քննարկվել են սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին առնչվող մի շարք հարցեր:  

Նախարար Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ ոլորտային ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մարտահրավերներին դիմակայելու գործում․

«Սա ևս մեկ հնարավորություն է խթանելու և արտահայտելու մեր նվիրվածությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ, և այս համատեքստում ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանության ու իրականացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարը մանրամասնել է աշխատանքի և 

զբաղվածության, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովման ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես՝ խոսել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությունների, զբաղվածության աճի ապահովման, սոցիալական գործընկերության ու կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների և այլնի մասին։ Նախարարը նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ սերտ գործընկերությամբ մշակված գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ․ ռազմավարական ծրագիրը ներկայումս վերջնականացման փուլում է, որի հիմքում կանանց խոցելիության վերացմանը, հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորմանը, սոցիալական և տնտեսական հզորացման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն են։  

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին՝ նշելով, որ տեղահանված անձանց ավելի քան 95%-ն այժմ օգտվում է սոցիալական պաշտպանության տարբեր ծառայություններից։ Այս համատեքստում նախարարը մանրամասներ է ներկայացրել վերջիններիս ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նշելով, որ տեղահանված անձանց իրավունքների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համակարգով միջազգային պաշտպանության ապահովումը շարունակում է լինել կարևորագույն հարցերից։

Ամփոփելով ելույթը՝ Նարեկ Մկրտչյանը հույս է հայտնել, որ ջանքերի մեկտեղման և ամուր հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք ապահովել Եվրոպական սոցիալական խարտիայի կողմից երաշխավորված սոցիալական արդարությունը և սոցիալական համախմբվածությունը, ինչպես նաև սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանությունը։  

 

Լրահոս

Դիտել ավելին