Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

04 Հուլիս, 2024 17:40
Նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները, ինչպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է տալիս սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը։ Օրենքի նախագծով սահմանված բոլոր փոփոխությունները միտված է կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը։ Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվեն կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև  առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները։ 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության նիստի այսօրվա օրակարգի չզեկուցվող այս հարցին և նշել, որ այն առնվազն 5 տարվա պատմություն ունի. «Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում»: 

Վարչապետն ընդգծել է, որ քննարկումների ժամանակ դիմադրության ալիքն այն բանի համար էր, որ եթե սահմանվի՝ թթվասերը պետք է լինի կաթից, ապա թթվասերի գները կբարձրանան: «Եզրակացությունը հետևյալն է՝ կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստված թթվասեր է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա, որ այս թթվասերի մեջ գուցե կաթ կա, բայց ամբողջը կաթից չէ: Խանութում պետք է դրված լինեն տարբեր դարակաշարերում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս պարագայում երկու իրավիճակ կա. «Առաջինը պարտադիր է, այսինքն՝ եթե կաթնային յուղի փոխարինիչով է պատրաստված, պետք է նարնջագույն դարակաշարում ցուցադրված լինի, իսկ եթե կաթնային յուղով է, այսինքն՝ ոչ փոխարինիչով, ապա՝ կանաչ դարակաշարում»:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ շուկայում արդեն կան առնվազն 1-2 ապրանքատեսակներ, որոնք պատրաստվում են միայն կաթից և ընդգծել, որ ՀՀ կառավարության ծրագրերի շնորհիվ է, որ շուկայում հայտնվել է կաթնամթերք պատրաստված միայն կաթից. «Կարծում եմ, որ այս գործընթացը պետք է շարունակել, որպեսզի սպառողն իմանա, թե ինքն ինչ է սպառում և ինչի համար ինչքան վճարում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին