Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների

11 Հունիս, 2024 17:43
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների

ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին եւ վաղ ամուսնություններին: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նախագծի հեղինակ Ռուստամ Բաքոյանը:

«ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում:

Նախագծի հեղինակը նշել է, որ խնդիրը դեռեւս 7-րդ գումարման խորհրդարանում է ուշադրության արժանացել, աշխատանքային քննարկումներ եւ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ նախագծի վերաբերյալ մեծամասամբ դրական արձագանքներ են ստացվել: «2018 թվականին անչափահասների գրանցված ամուսնությունների թիվը 18-ն է, միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Եվ այս ցուցանիշը մինչեւ 2023 թվականը գրեթե նույն տեմպերով պահպանվում է: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք եւ ամուսնության տարիքային շեմի բարձրացմամբ մեծամասամբ կկարգավորենք հարցը»,- մանրամասնել է Ռուստամ Բաքոյանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նա ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրաված վիճակագրական ցուցանիշները, ըստ որոնց՝ 2023-2024 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թվականի ընթացքում 171-ը դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում: Ի պաշտպանություն երեխաների՝ նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բաքոյանը, ընդգծելով, որ վաղ ամուսնությունները բացասաբար են անդրադառնում անչափահաս կանանց վրա, նշել է, որ սոցիալական տեսանկյունից խախտվում են նրանց սոցիալական պաշտպանության, առողջության պահպանման, կրթություն ստանալու իրավունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին