Կարևոր իրադարձություններ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները շարունակվում են. բերման է ենթարկվել 12 քաղաքացի

15 Մայիս, 2024 11:56
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները շարունակվում են. բերման է ենթարկվել 12 քաղաքացի

Կիրանցից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել հանրապետության տարբեր վայրերում: Ցուցարարները աղբամաններով փակել էին մայրաքաղաքի մի քանի փողոցներ:

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, այս պահին ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 12 քաղաքացի:

Ըստ ՔԿ հաղորդագրության էլ` բողոքի ակցիայի մեկ մասնակից է ձերբակալվել խուլիգանական արարք կատարելու համար: Վերջինս հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

«Ազատազէն» ԿՀԿ-ն էլ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 72 ժամով ձերբակալել է «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 մարտական ընկերների։ Վերջիններս ձերբակալել են ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:

Ինչպես նշել է Ազատազէն ԿՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը, իրենք՝ հատկապես Իշխանը, մարդիկ են, ովքեր օր ու գիշեր զբաղվում են օրինական զենքի մշակույթի տարածմամբ.

«Մեր ամբողջ ջանքը դնում ենք դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, օրենքները կարգավորելուն և դրա մասին բոլորը գիտեն։ Մեր խոստումն է ինքներս մեզ, որ մեր գիտելիքով և զենքերով ներքին հարցեր չենք լուծելու: Այդ խոստումը միշտ պահել ենք և պահում ենք»,-ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին