«Փաստ» օրաթերթը գրում է.
«Սերգեյը շատ շարժուն, միևնույն ժամանակ խելոք երեխա էր: Մեր գյուղի սարերում է մեծացել, շատ պինդ տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերգեյի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:
Սերգեյը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 7-ին: Ուղղությունն Արցախ էր, ծառայությունն անցնելու էր Մարտունի 2-ում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Հիշում եմ, թե ոնց էր ուրախացել: Ուզում էր ծառայել ու շուտ վերադառնալ, այդ հարցում էլ էր շտապում: Շատ ուրախ, երգ ու պարով է մեկնել ծառայության: Հիմա էլ հաճախ դիտում ենք այդ կադրերը: Տղաներ կային՝ անգամ անտրամադիր էին մեկնում, բայց Սերգեյի դեպքում հակառակն էր, մեզ վրա էլ կարող էր բարկանալ՝ հանկարծ ձեր աչքերում տխրություն չտեսնեմ, ինձ ուրախ ճանապարհեք բանակ: Ծիծաղելով, ուրախ տրամադրությամբ մեկնելու օրը ավտոբուսների շուրջը պտտվում էր: Այդքան ուրախ գնաց, բայց վերջն այլ էր…»: Իսկ հետո Սերգեյի մասին զրուցում ենք նրա կրտսեր քույրիկի՝ Լիանայի հետ: Սերգեյը երկու քույր ունի: Լիանան եղբոր մասին խոսելիս առաջինն, ինչ մատնանշում է, կենսախնդությունն է:
«Երբեք իրեն տխուր չեմ տեսել: Մինչև հիմա էլ իրեն այդպես եմ հիշում: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց նա է եղել իմ եղբայրը: Ինքը բացարձակ նեղացկոտ չէր, և եթե հանկարծ ինչ-որ բանից նեղված լինեի, բավական էր՝ ինքը տուն մտներ, իր մեկ խոսքից իմ տրամադրությունը կփոխվեր: Միշտ ուզում էր, որ ուրախ լինեմ, ինչ առիթ լիներ, ինձ էլ իր հետ պետք է տաներ, ինձ երբեք մենակ չէր թողնում: Ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Որքան էլ զբաղված լիներ, օգնում էր բոլորին։ Սիրում էր երգել: Տխուր ժամանակ իր ձայնն էր ինձ հանգստացնում, մինչև հիմա էլ իր ձայնը ականջներիս մեջ է»: Լիանան էլ է հաստատում, որ եղբայրը սիրով է մեկնել ծառայության. շատ էր ուզում ծառայել: «Երբեք չի դժգոհել ծառայությունից, ընկերների հետ շատ սիրով էր: Իր ծննդյան օրն էր, ինքն էլ մի քիչ վատառողջ, չէին թողել դիրքեր բարձրանա, իրեն ասացի՝ գումար ենք ուղարկել, որ տղաների հետ ծննդյան օրը նշի: Ու հավելեցի՝ խնդրում եմ, անպայման տորթ կվերցնես ու մոմեր, որ տեսնեմ և ուրախանամ: Արձագանքեց՝ նման թիթիզ բաներ չեմ սիրում»: Սկսվեց պատերազմը:
«Ամեն օր իրենից զանգ ենք ստացել, օրը մեկ անգամից ավելի: Հոկտեմբերի 21-ին և 22-ին զանգում էր տարբեր՝ ընկերների համարներով, ասում, որ իր հեռախոսը լիցքավորում չունի: Բնական է, գիտեինք, որ պատերազմ է, բայց իր զանգերի ժամանակ պատերազմի ձայնը չէր լսվում, առհասարակ ոչ մի ձայն չէր լսվում, չգիտեմ էլ, թե որտեղից էր զանգում: «Մեզ մոտ պատերազմ չկա». եթե անգամ ինչ-որ ձայն էինք լսում, ասում էր, որ տղաներն են, գործ են անում: Մի օր էլ, երբ զանգեց, հուզվեցի, շատ էի կարոտել: Սկսեցի լաց լինել, սիրտս չդիմացավ, հեռախոսը փոխանցեցի մամայիս: Չէի ուզում, որ նեղվի, բայց իրեն շատ էի կարոտել: Ինչ մեկնել էր ծառայության, մեկ անգամ էինք Արցախ գնացել: Հետո համավարակը սկսվեց, ինքն էլ չկարողացավ տուն գալ»: Սերգեյի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 23-ը: «Վարանդայի այդ դիրքերում հինգ ընկերով են եղել, շրջափակման մեջ են հայտնվել, դուրս եկել շրջափակումից, ծանր օրեր ունեցել:
«Ընկերներին միշտ ասել է՝ տանը երկու հրաշք քույրիկ ունեմ սպասող: Ինքն էլ մեր միակն էր, իրեն այլ կերպ էինք սիրում, մեր կապը յուրահատուկ էր»: Իսկ եղբորից հետո կրտսեր քույրիկին ուժ է տալիս հենց ինքը՝ Սերգեյը: Լիանան այնքան սիրուն է բնութագրում. «Կարծես իր ուժն իմ մեջ մտած լինի: Փորձում եմ իր կիսատ թողածը կյանքի կոչել, իհարկե, իր բացը որևէ մեկը լրացնել չի կարող: Ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, թև ու թիկունք լինում, որ չհուսահատվենք»: Լիանան իր հույզերը, սպասումն ու կարոտը թղթին է հանձնել.
Ո՞ւր ես, եղբա՛յր, ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։
Հուշի՛ր, եղբա՛յր, որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,
Քո շունչը զգամ անշունչ քարում, քո զարկն առնեմ հորդ անձրևում...
Իմ թանկ եղբա՛յր,
Միս ու արյամբ քո վերքերի, դու ձուլվեցիր հայրենիքին,
Վերջին «մամ ջանն» առավ քամին...
Կարոտս առ ծագող լույսով, շտապիր ինձ մոտ ճերմակ ամպով։
Հ. Գ. - Սերգեյ Պետրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գետահովիտ գյուղի գերեզմանատանը: