Կարևոր իրադարձություններ

Ո՞վ էր շահագրգռված Պերմյակովին քրեական պատասխանատվությունից հեռու պահելու, հանցագործության հետքեր թաքցնելու մեջ և ինչո՞ւ. մինչև հոկտեմբերի վերջ փորձելու են ավարտել նախաքննությունը

13 Հոկտեմբեր, 2015 01:11
 Ո՞վ էր շահագրգռված Պերմյակովին քրեական պատասխանատվությունից հեռու պահելու, հանցագործության հետքեր թաքցնելու մեջ և ինչո՞ւ. մինչև հոկտեմբերի վերջ փորձելու են ավարտել նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության մասին:


Եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։


Իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքուցը ելնելով քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից, Shabat.am-ի հետ զրույցում նկատեց, որ Պերմյակովի կողմից տրված բացատրությունների և դատահոգեբանական փորձաքննության մեղսունակության փաստի եզրակացության միջև ակնհայտ հակասություն կա:


« Եթե Պերմյակովը եկել էր Ավետիսյանների տուն կողոպուտի կամ գողության նպատակով, ապա այդ տեսակետից, ոչ մի քննության չի դիմանում ութ ամսեկան երեխային դաշունահարելու, իսկ երբ ինքնաձիգը խափանվել է, ապա նրան ընդհանրապես սպանելու միտումը: Եթե լիներ եզրակացություն, որ նա անմեղսունակ է, ապա գուցեև դա կարող էր որոշակի բացատրություն տալ նման վարքագծի և գործողությունների համար: Բայց քանի որ նա ճանաչվել է մեղսունակ, հետևաբար պետք է բացատրվի, թե ինչպես կարող է գիտակից մարդը ութ ամսեկան երեխային համարել պոտենցիալ վկա, որը կարող էր մատնել իրեն»,-ասաց Արթուր Սաքունցը:


Իրավապաշտպանի խոսքով, անհասկանալի է նաև Պերմյակովի նկարագրած մինչ այժմ մեզ հայտնի փորձաքննության եզրակացություններում և փաստաթղթերում նրա մի սենյակից մեկ այլ սենյակ տեղափեխվելու և այդ գործողությունները կատարելու վարքագիծը. « Երբ գողությունը չի ստացվում, այն էլ գիշերով, քնած մարդկանցից, ապա բոլորին սպանելու քայլին գնացողը պետք է անպայման առնվազն մթագնված գիտակցություն ունենա, բայց սառնասրտորեն նման սպանությունը, այն էլ 18-19 տարեկան երիտասարդի կողմից ավելի շատ նման է սառնասիրտ կամ պրոֆեսիոնալ մարդասպանի, որը կարողանում է շատ կարճ ժամանակաընթացքում և՛ սպանություններ կատարել, և՛ դիակների ներկայությամբ հագուստը փոխել, և՛ գտնվել այդ տարածքում»:

Ըստ Սաքունցի, հարցերը սպանությանը դրդապատճառների հետ կապված դեռ մնում են և առաց դրանց պատասխանի միանշանակ է, որ նախաքննությունը չի կարելի համարել ավարտված:

«Մինչև հոկտեմբերի վերջ, եթե ոչ ավելի շուտ, փորձելու են ավարտել նախաքննությունը: Հոկտեմբերի վերջը ամենավերջին ժամկետն է: Ըստ նախաքննության մարմնի, որևէ այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա»,-ասաց իրավապաշտպանը նկատելով, որ Պերմյակովի կողմից բոլոր գործողություններին իրավական գնահատական չտալու և միայն Ավետիսյանների ընտանիքի սպանության հիմքով մեղադրանք առաջադրելու պարագայում ոչ ամբողջական քննություն ենք ունենում:


«Այդ դեպքում ինչո՞ւ չեն սահմանը խախտելու հիման վրա քրեական գործ հարուցում: Մնում է չպարզված, թե ո՞վքեր են վերջին հաշվով Պերմյակովին հայտնաբերել, այնուհետև ձերբակալել՝ ռուս սահմանապահները, թե՞ ռուսական բազայի զինծառայողները: Եվ ընդհանրապես 18 ժամ որտեղ որտե՞ղ է գտնվել Պերմյակովը / նրանց հայտնաբերել են գիշերը` 24:00-01:00-ի մոտակայքում/: Դրանք հարցեր են, որոնց պատասխանների միջոցով հնարավոր կլինի պարզել այդ դրդապատճառը՝ ո՞վ էր շահագրգռված Պերմյակովին քրեական պատասխանատվությունից հեռու պահելու, հանցագործության որոշ հետքեր թաքցնելու մեջ և ինչո՞ւ…»,-ասաց Արթուր Սաքունցը, հավելելով, որ եթե դրանց պատասխաններ չտրվեն, ապա ինքը կարող է վստահորեն պնդել, որ հանցագործությունը բացահայտված չէ:

Իրավապաշտպանի պնդմամբ, ինքը նման հարցադրումներով առաջադրում է  նաև մեղադրանք և հիմնավոր կասկած ներկայացնում, որոնց հիման վրա հիմնավորում է ռուսական բազայի ղեկավարության անմիջական պատասխանատվությունը ոչ միայն հանցագործությունը կամ դրա իրական պատկերը կոծկելու, այլ նաև հանցագործության համար կարևոր նշանակություն ունեցող փաստերը ոչնչացնելու մեջ: 

«Այս հարցում որևէ քաղաքական, դինվանագիտական բնույթի  հարցեր որևէ էական նշանակություն չեն կարող և չպետք է ունենան, որովհետև մենք գործ ունենք բավական ծանր հանցագործության հետ:  Կարծում եմ, որ նախաքննության մարմնի ղեկավարները  շատ լավ գիտակցում են դրա պատասխանատվությունը և եթե այդ հարցերին պատասխաններ չտրվեն, ապա իրենք ռուսական բազայի հետ համատեղ նույնպես պատասխանատվություն են կրելու արդեն և հանցագործությունը կոծկելու հարցում իրենց մասնակությունն են ունենալու»,-ասաց Սաքունցը:

 

Լրահոս

Դիտել ավելին